Բաժիններ՝

«Քաղաքը ջազաֆիկացվում է». Կամո Մովսեսյան

«Քաղաքը ջազաֆիկացվում է»,- այսօր հայտարարեց Ջազի հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կամո Մովսեսյանը «Yerevan Jazz Fest 2017» փառատոնի եզրափակիչ մամլո ասուլիսին, որին մասնակցում էին հանրահռչակ ջազմեն, քառակի գրեմմիակիր Գոնսալո Ռուբալկաբան, երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, Ֆրանսիայից՝ սաքսոֆոնահար Ալեքսիս Ավագյանը:

«Ներեցեք ինձ հոգնած տեսքիս համար. չորս օդանավ փոխելով՝ մի քանի ժամ առաջ առաջին անգամ հասա ձեր օրհնված երկիր»,- ողջունելով ներկաներին՝ ասաց Գոնսալո Ռուբալկաբան և հավելեց, որ ամեն ինչ անելու է և հույս ունի՝ կհաջողվի կապ հաստատել հայ հանդիսատեսի հետ:

«Այսօր երեկոյան դաշնամուրային մենահամերգ է լինելու, որ մշտապես մարտահրավեր է նետում դաշնակահարին: Միաժամանակ նաև սա շատ լավ առիթ է դաշնակահարի իրական ինքնությունը երևան հանելու համար»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Վահագն Հայրապետյանը վստահ է՝ հայ հանդիսատեսը բուռն էմոցիաներով է ընդունելու Գոնսալո Ռուբալկաբանին, հատկապես, երբ երաժիշտը դեռ չի ճաշակել հայ որակյալ հանդիսատեսի վարակիչ էներգետիկան:

Անդրադառնալով Կամո Մովսեսյանի հայտարարությանը՝ Վահագն Հայրապետյանը կեսկատակ հույս է հայտնում՝ եթե Հայաստանը պետք է «ջազաֆիկացվի», գոնե ջազի «գները» չեն բարձրացվի, ինչպես, օրինակ, դա պատահում է գազի գների հետ:

Կուբայական հարուստ ջազային ավանդույթների մասին Գոնսալո Ռուբալկաբան պատմում է. «Որպես այդպիսին՝ մենք ջազ դպրոցներ չունենք, դրա փոխարեն՝ ունենք ջազի երկարատև և հարուստ պատմություն, և այդ պատմության ողջ ընթացքում դաշնամուրն իր ուրույն տեղն է գրավում: Ես դաշնամուրից չէ, որ սկսել եմ իմ երաժշտական հետաքրքրությունները, այլ հարվածային գործիքներով՝ դեռևս 4-5 տարեկանում: Հավանաբար՝ պատճառներ կան, որոնցից մենք անտեղյակ ենք՝ դա կարող է լինել ճակատագիր կամ նախախնամություն, և այս ամենի արդյունքում՝ ես հայտնվեցի դաշնամուրի առջև:

Ես հայտնվեցի Կուբայում՝ դասական երաժշտության դպրոցում: Այս դպրոցը, պետք է նշել՝ կատարողական տեխնիկայի տեսանկյունից՝ կրում է ռուսական մշակույթի անմիջական ազդեցությունը: Կուբայական երաժշտական դպրոցն ամուր կապեր ունի նաև եվրոպական մի շարք երկրների մշակութային ավանդույթների հետ՝ Իսպանիա, Ֆրանսիա, Անգլիա, թերևս, այն երկրների, որոնց հետ մենք հարևաններ ենք:

Անշուշտ, սև կողմը, որ գալիս է Աֆրիկայից, ևս իր որոշիչ դերակատարումն ունի: Կուբայում դաշնամուրային մոտեցումը շատ նման է հարվածային գործիքների տեխնիկային: Ջազ դաշնակահարների 70 տոկոսից ավելին նախկին թմբկահարներ են: Այս տենդենցը նկատելի է նաև ամերիկյան ջազ դպրոցի ավանդույթներում: Ինձ, ինչպես նաև՝ ջազային երաժիշտների վերջին երեք-չորս սերունդների համար երեք կարևոր չափորոշիչներ կան՝ դասական երաժշտությունը, ջազի լեզուն և աֆրիկյան արմատները: Միայն թվարկածս երեք չափորոշիչների համատեղումով է պայմանավորված բարձրակարգ ջազային երաժիշտ դառնալու հավանականությունը»:

Հայաստանում Գոնսալո Ռուբալկաբան կմնա միայն մեկ օր. «Սա է երաժշտի կյանքը, ճամփորդում ենք շատ և մնում մեզ հյուրընկալած քաղաքներում կարճ ժամանակահատված»,- ասում է երաժիշտը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հայաստանյան հաջորդիվ այցերը դեռ առջևում են: Նա չբացառեց հայ ջազային երաժիշտների հետ համատեղ նախագծերի իրականացումը:

«Yerevan Jazz Fest 2017» փառատոնի գալա-համերգը տեղի կունենա այսօր Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, որի ընթացքում հանդես կգան Գոնսալո Ռուբալկաբան, Վահագն Հայրապետյան կվինտետը և Ալեքսիս Ավագյանը:

«Yerevan Jazz Fest 2017» փառատոնի ընթացքում արդեն ավանդույթ դարձած օրիգինալ ստորագրություններով պաստառն այս տարի աճուրդով վաճառելու որոշում է կայացվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ավարտին տեղեկացրեց Ջազի հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կամո Մովսեսյանը:

Աճուրդից հանգանակված ողջ հասույթը կուղղվի բարեգործական նպատակների համար՝ ծառայելով քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման աշխատանքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս