Բաժիններ՝

Գևին Ուիլյամսոնը նշանակվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարար

Կուսակցական խորհրդարանական կազմակերպիչ Գեւին Ուիլյամսոնը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել գերատեսչության նախկին ղեկավար Մայքլ Ֆելոնի անակնկալ պաշտոնաթողությունից հետո:

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի դիվանատանը: «Թագուհին հաճույքով հաստատեց հարգարժան Գեւին Ուիլյամսոնի նշանակումը պաշտպանության նախարար»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Նախօրյակին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը պաշտոնաթողություն էր խնդրել: Ռազմական գերատեսչության ղեկավարն իր պաշտոնից հեռացել է սկանդալի ֆոնին. նրան մեղադրել են լրագրողուհու հետ շփվելիս անպատշաճ պահվածքի մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել ավելի քան տասը տարի առաջ. քաղաքական գործիչն իբր ձեռքը դրել է կնոջ ծնկին, ինչը գնահատվում է որպես սեռական ոտնձգություն: «Վերջին ժամանակներս հայտնվել են մի շարք մեղադրանքներ այդ թվում՝ անցյալում իմ պահվածքի մասին: Այդ մեղադրանքներից շատերը ճիշտ չեն, բայց ես խոստովանում եմ, որ ես անցյալում ինձ անվայել եմ պահել, ինչը չի պատշաճում զինված ուժերին, որոնք ես պատիվ ունեմ ներկայացնել: Ես հետեւություններ արեցի, ուստիեւ պաշտոնաթողություն եմ խնդրում»,- ասված է Ֆելոնի՝ վարչապետ Թերեզա Մեյին հասցեագրված դիմումի մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս