Պուչդեմոնն ու նրա մերձավոր զինակիցները չներկայացան Մադրիդի դատարան
Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ նրա եւս չորս զինակիցներ ցուցմունքներ տալու համար չեն ներկայացել Իսպանիայի ազգային դատական պալատ, որը գտնվում է Մադրիդում։
El Mundo թերթի տվյալներով՝ նրանք մնացել են Բրյուսելում: Բացի Պուչդեմոնից, այնտեղ են առողջապահության հարցերով նախկին խորհրդական Տոնի Կոմինը, մշակույթի գծով նախկին խորհրդական Լուիս Պուչը, գյուղատնտեսության հարցերով նախկին խորհրդական Մերիչել Սերետը եւ կրթության գծով նախկին խորհրդական Կլարա Պոնսանտին:
Ցուցմունքներ տալու համար նոյեմբերի 2-ի առավոտան ներկայացել են Կատալոնիայի նախկին կառավարության ինն անդամներ, այդ թվում՝ կատալոնյան կառավարության փոխղեկավար Օրիոլ Ժունկերասը: Ժեներալիտետի նախկին անդամները, որոնց նկատմամբ դատախազությունն ապստամբություն ու խռովություն կազմակերպելու եւ պետական միջոցները վատնելու մեղադրանքներ է առաջադրել, Ազգային դատական պալատում պետք է ցուցմունքներ տան նոյեմբերի 2-ին եւ 3-ին:
Դատախազությունն իր հայցում դատարանից խնդրել է ձերբակալել այն կասկածյալներին, որոնք չեն ներկայանա Մադրիդում գտնվող Ազգային դատական պալատ: Նախօրյակին տարածված հայտարարության մեջ, որն ստորագրվել է «Կատալոնիայի օրինական կառավարության կողմից», ասված է, որ Կատալոնիայի նախկին կառավարության անդամները՝ Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի գլխավորությամբ, որոնք գտնվում են Բրյուսելում, ցուցմունքներ տալու համար նոյեմբերի 2-ին չեն ներկայանա Ազգային դատական պալատ:
Մինչդեռ, Պուչդեմոնի նախկին կառավարության մեջ մտնող մի շարք այլ քաղաքական գործիչներ հայտարարել են, որ պատրաստ են ցուցմունքներ տալ Ազգային դատական պալատում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: