Բաժիններ՝

Փորձագետներն աշխարհում գենդերային անհավասարություն ցուցանիշի աճ են արձանագրել

Աշխարհում գենդերային անհավասարության հետ կապված իրադրությունը 2017 թվականին առաջին անգամ վատացել է այդ ցուցանիշի հաշվարկման ողջ պատմության ընթացքում:

Դա ցույց է տալիս Global Gender Gap Index-ը (գենդերային խզման ինդեքս), որը 2006 թվականից հրապարակում է Համաշխարհային տնտեսական համաժողովը (ՀՏՀ): Տղամարդկանց ու կանանց միջեւ խզումը 2017 թվականին հաջողվել է նվազեցնել 68 տոկոսով՝ 2016 թվականի 68,3 տոկոսի դիմաց: Նշվում է, որ ցուցանիշները վատացել են բոլոր չորս հիմնական բնագավառներում՝ կրթություն, առողջապահություն, տնտեսություն եւ կարիերա, ինչպես նաեւ քաղաքական իրավունքներ:

Փորձագետներին հատկապես մտահոգում են վերջին երկու բնագավառները, որտեղ դիտվել է առավել մեծ գենդերային խզումը, բայց դրա հետ մեկտեղ նաեւ ամենազգալի առաջընթացը վերջին տարիներին: Ընթացիկ տեմպերի պահպանվելու դեպքում անհավասարության վերացման համար կպահանջվի հարյուր տարի՝ անցյալ տարվա 83-ի դիմաց: Աշխատանքի տեղավորման ոլորտում դրա համար կպահանջվի 217 տարի: Աշխարհի եւ ոչ մի երկրի առայժմ չի հաջողվել լիակատար հավասարության հասնել սեռերի միջեւ:

Դրան ամենից ավելի մոտեցել է Իսլանդիան. նրան հաջողվել է հաղթահարել գենդերային խզման 88 տոկոսը: Նրան հաջորդում են՝ Նորվեգիան, Ֆինլանդիան, Ռուանդան եւ Շվեդիան: Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Նիկարագուան, Սլովենիան, Իռլանդիան, Նոր Զելանդիան եւ Ֆիլիպինները:

G-20-ում լավագույն արդյունքն արձանագրել են Ֆրանսիան եւ Գերմանիան՝ համապատասխանաբար 11-րդ եւ 12-րդ դիրքերը: ԱՄՆ-ը 45-րդ տեղից իջել է 49-րդ տեղը: Նշվում է, որ աշխարհում կան 27 երկրներ, որոնք հաղթահարել են գենդերային անհավասարությունը կրթության բնագավառում. դա երեքով ավելի է, քան անցյալ տարի: Մինչդեռ, բժշկության ոլորտում տղամարդկանց եւ կանանց միջեւ խզումն ամբողջությամբ հաղթահարած պետությունների թիվը նվազել է չորսով՝ մինչեւ 34:

Աշխարհի ընդամենը վեց երկիր 100-տոկոսանոց ցուցանիշ ունեն նշված երկու կատեգորիաներում: Աշխարհի ոչ մի երկրում հավասարություն չկա տնտեսական ոլորտում, սակայն 13 պետություններ կարողացել են խզումը հաղթահարել ավելի քան 80 տոկոսով: Գործերն ամենից վատ են քաղաքական իրավունքների բնագավառում. միայն Իսլանդիայում է հաջողվել խզումը կրճատել ավելի քան 70 տոկոսով: ՀՏՀ-ի փորձագետները նշում են, որ տնտեսական գործունեության մեջ ներգրավվածության առումով մինչեւ 2025 թվականը 25 տոկոսով գենդերային անհավասարության կրճատումը թույլ կտա գլոբալ ՀՆԱ-ն ավելացնել 5,3 տրլն դոլարով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս