«Չպատճառաբանված, անհեթեթ հերթեր, մարդկանց ոչ պատշաճ սպասարկում, անհարկի գումարների գանձում՝ ընդամենը փաթեթի վրա սկրեպ խփելու». Նաիրա Զոհրաբյանը՝ վիզաների կենտրոնների մասին

Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վիզաների կենտրոնների վերաբերյալ հարցով դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:

«Ամեն օր մենք ստանում ենք բազմաթիվ նամակներ: Գիտեմ, որ Արտաքին գործերի նախարարությունը որոշակի միջամտություն ունի Հայաստանում, այսպես կոչված, վիզաների կենտրոն կառույցին, որտեղ ուղղակի նվաստացման են ենթարկվում մեր քաղաքացիները՝ չպատճառաբանված, անհեթեթ հերթեր, մարդկանց ոչ պատշաճ սպասարկում, անհարկի գումարների գանձում՝ ընդամենը փաթեթի վրա սկրեպ խփելու և կողքի գործավարին փոխանցելու համար: Խնդիրը բարդացվում է, և ես կուզեի ձեզնից ստանալ պատասխան. մեր Արտաքին գործերի նախարարությունը փորձելո՞ւ է անհասկանալի ստատուս ունեցող կառույցի չինովնիկներից մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու: Դա մեկ բողոք չէ, երկուսը չէ, երեքը չէ: Թիվն այնքան մեծ է, որ դրան պաշտոնապես անդրադարձել է Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմը: Չի՛ կարելի»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Կարծում եմ՝ արդարացի են Ձեր հարցադրումները: ԵՄ-ն այս քաղաքականությունն իրականացնելիս կարող է օգտվել Հայաստանում արտաքին ծառայություն մատուցող ծառայությունից: Տարիների ընթացքում մենք ուսումնասիրել ենք բողոքների թիվը, բարեբախտաբար, դրանք նվազում են, և սա ինչպես՝ ձեր, այնպես էլ՝ քաղհասարակության, նաև ՀՀ կառավարության, տվյալ դեպքում՝ Արտաքին գործերի նախարարության  միջամտության արդյունքում է: Հարցը գտնվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում:

Անցյալ շաբաթ Բրյուսելում հարցը բարձրացվել է Եվրամիության հանձնակատարի հետ, որը համակարգում է այս ուղղությամբ աշխատանքները, և մենք մտադիր ենք այսուհետ ևս բոլոր բողոքներին հետամուտ լինել: Արտաքին ծառայություն մատուցողը կարող է առավելագույնը գանձել 30 եվրոյի չափ, և ոչ՝ ավելին: Եթե այդ ուղղությամբ լինում են չարաշահումներ, մենք անմիջապես կարող են միջամտել՝ հարցը ներկայացնելու համապատասխան դեսպանություններին»:

Տեսանյութեր

Լրահոս