ԱՄՆ-ը մերժել է Կուբայի շրջափակումը դադարեցնելու ՄԱԿ-ի կոչը
ԱՄՆ-ը նոյեմբերի 1-ին հավաստել է Կուբայի վրա ճնշումը շարունակելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որդեգրած ուղեգիծը՝ մերժելով կղզի-պետության առեւտրատնտեսական շրջափակումը դադարեցնելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) կոչը, որը շարունակվում է ավելի քան 50 տարի:
ԳԱ-ի լիագումար նիստում ամենամյա հիման վրա քննարկվող բանաձեւի համապատասխան նախագիծն ընդունվել է 191 «կողմ» ձայնով, իսկ Միացյալ Նահանգները եւ նրա մերձավոր դաշնակից Իսրայելը դարձել են միակ երկրները, որոնք հանդես են եկել փաստաթղթի դեմ: Կուբայի շրջափակումը դադարեցնելու կոչով բանաձեւն ընդունվում է Գլխավոր ասամբլեայի յուրաքանչյուր նստաշրջանում՝ սկսած 1992 թվականից:
Նոյեմբերի 1-ին հավանության արժանացած բանաձեւում ԳԱ-ն ափսոսանքով է արձանագրել, որ «Կուբայի տնտեսական, առեւտրական եւ ֆինանսական շրջափակումը դեռ գործում է» եւ անբարենպաստ հետեւանքներ ունենում «Կուբայի ժողովրդի եւ այլ երկրներում բնակվող կուբացի քաղաքացիների համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: