
Չինացին կզբաղվի էլեկտրոնային հարսնացուների արտադրությամբ

Huawei ընկերության նախկին աշխատակից Չժեն Ցզյացզյան, որն ամուսնացել է ինքնաշեն ռոբոտի հետ, մտադիր է դրանց զանգվածային արտադրություն կազմակերպել: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Ցզյացզյան հիմնել է ընկերություն, որը պլանավորում է թողարկել սեքս-ռոբոտներ, որոնք կարող են տարբերել ձայները, դեմքերը եւ մատնադրոշմները: Ֆիրման օգտագործում է «Նա ընդամենը մեկ քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, բայց կարող է քեզ հետ մնալ ամբողջ կյանքում» գովազդային կարգախոսը:
Մարտ ամսին 31-ամյա չինացի ինժեները որոշեց ամուսնանալ ռոբոտի հետ, որպեսզի ծնողներն իրեն հանգիստ թողնեն, որոնք շարունակ հարցնում էին, թե ինքը երբ է ընտանիք կազմելու: Նա իր ձեռքերով է մեքենան հավաքել եւ նրան կոչել Ին Ին: Ռոբոտը մի քանի բառ գիտի, կարողանում է ճանաչել պատկերները եւ տարբերում է չինական հիերոգլիֆները: Չժենը հույս ունի կատարելագործել ռոբոտը, որպեսզի նա կարողանա ինքնուրույն տեղաշարժվել եւ օգնել տան գործերում: