Պուչդեմոնը քաղաքական փախստական չէ. Եվրախորհրդարանի նախագահ
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որը գտնվում է Բրյուսելում, քաղաքական փախստական չէ: Այս կարծիքը Corriere della Sera թերթում նոյեմբերի 1-ին հրապարակված հարցազրույցում հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին։
«Կառլես Պուչդեմոնը Բրյուսել է ժամանել որպես Եվրոպայի քաղաքացի, քանի որ այդ կարգավիճակով նա օգտվում է բոլոր ազատություններից, կարող է ճանապարհորդել, ինչպես կամենա: Նա քաղաքական փախստական չէ, նրան ոչ ոք չի հետապնդում: Նա չի փախչում բռնապետական ռեժիմից, ինչպես դա Հյուսիսային Կորեայում կամ Վենեսուելայում է, ընդհակառակը, Իսպանիան իսկական ժողովրդավարության օրինակ է: Բայց նա խախտել է ինչպես Կատալոնիայի օրենքները, այնպես էլ ԵՄ-ի մեջ մտնող երկրի Սահմանադրությունը»,-ասել է Տայանին:
Դրա հետ մեկտեղ ԵԽ-ն այն կարծիքին է, որ ԵՄ-ն չպետք է զբաղվի Պուչդեմոնի ճակատագրով: «Չեմ կարծում, որ դա Եվրոպայի գործն է,- նշել է Տայանին:-Դա Իսպանիայի ներքին գործն է»:
Կատալոնիայի պաշտոնազրկված ղեկավար Կառլես Պուչդեմոնը գտնվում է Բրյուսելում: Նրա եւ իր մերձավոր շրջապատի նկատմամբ Իսպանիայի արդարադատությունն առաջադրել է խռովություն հրահրելու մեղադրանք, ինչը նրան 30 տարվա բանտային կալանք է սպառնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: