
Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից վնասը գերազանցել է ռեկորդային 3,3 մլրդ դոլարը

Կալիֆոռնիայի հյուսիսում այս աշնանը մոլեգնած ավերիչ անտառային հրդեհներից ունեցվածքի վնասվելու պատճառով ապահովագրական ընկերություններ դիմումների գումարը գերազանցել է ռեկորդային 3,3 մլրդ դոլարի նշագիծը։
Սա հրդեհների պատճառած ամենամեծ վնասն էԱՄՆ-ի պատմության մեջ, նշում է MarketWatch-ը:
«Ապահովագրական վնասները հասել են շշմեցնող 3 մլրդ դոլարի, եւ, անկասկած, դրանք ավելանալու են, քանի որ փոխհատուցման պահանջները շարունակում են ստացվել,-հայտարարել է պետական ապահովագրական տեսուչ Դեյվ Ջոնսը:-Տարիներ կպահանջվեն, որպեսզի այդ համայնքները վերականգնվեն եւ ամբողջապես վերակառուցվեն»:
Այս աշնանը Կալիֆոռնիայում հրդեհներն ընդգրկել են հիմնականում նահանգի հյուսիսային մասը, որտեղ գտնվում են գինեգործական շրջանները: Վերջին տվյալների համաձայն, կրակից զոհվել է 43 մարդ: Տուժել կամ ավերվել են ավելի քան 14,7 հազար բնակելի տներ եւ բիզնեսի 728 օբյեկտներ, ինչպես նաեւ 3,6 հազար մասնավոր ու առեւտրային ավտոմեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա եւ նավեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: