Պուչդեմոնը վերաբացել է կայքը, որտեղ նա ներկայանում է որպես Կատալոնիայի ղեկավար
Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը վերաբացել է կայքը, որտեղ նա ներկայանում է որպես տարածաշրջանի առաջնորդ: Նոր ինտերնետ-հասցեի հղումը քաղաքական գործիչը հոկտեմբերի 31-ին տարածել է իր Twitter-ի միջոցով։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կատալոնիայի ժեներալիտետի (կառավարության), դրա ղեկավարի եւ փոխնախագահի վեբ-կայքերը դադարել են աշխատել:
Նոր բացված էջն ունի այլ հասցե: Պորտալում կենսագրության բաժնում ասված է, որ տարածաշրջանի պաշտոնազրկված ղեկավարը «2016 թվականի հունվարի 12-ից Կատալոնիայի Ժեներալիտետի 130-րդ ղեկավարն է»:
Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին ընդունել է տարածաշրջանի անկախության բանաձեւ: Մեկ ժամ անց Իսպանիայի Սենատը հաստատել է Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տալիս Իսպանիայի իշխանությունների ուղղակի կառավարում սահմանել Կատալոնիայում:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է ինքնավարության կառավարության անդամների, այդ թվում դրա ղեկավար Կառլես Պուչդեմոնի պաշտոնանկության, ինքնավար մարզի խորհրդարանի արձակման եւ դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում վաղաժամկետ ընտրությունների անցկացման մասին:
Կատալոնիայի ղեկավարի պարտականությունները փոխանցվել են Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: