Սինձո Աբեն վերընտրվեց Ճապոնիայի վարչապետ
Սինձո Աբեն նոյեմբերի 1-ին վերընտրվել է Ճապոնիայի կառավարության ղեկավար: Նրա թեկնածության օգտին քվեարկել է երկրի խորհրդարանի հանգուցային ստորին պալատը, որտեղ անցած ամսվա վերջին կայացած ընտրությունների արդյունքներով կառավարող դաշինքը, որը գլխավորում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, ստացել է տեղերի երկու երրորդը։
Այսպիսով, Սինձո Աբեն կարող է վարչապետ մնալ մինչեւ 2021 թվականը՝ այդ պաշտոնում գտնվելու տեւողությամբ ռեկորդ սահմանելով Ճապոնիայի հետպատարազմյան պատմության մեջ:
Դա հնարավոր դարձավ այն փոփոխությունների շնորհիվ, որոնք կուսակցության կանոնադրության մեջ կատարվեցին 2017 թվականի սկզբին: Առաջիկա ժամերին վարչապետը պետք է հայտարարի կառավարության նոր կազմը, որում վերադասավորումներ չեն սպասվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: