Ֆրանսիայում դադարում է գործել արտակարգ դրության երկամյա ռեժիմը
Ֆրանսիան դադարեցնում է արտակարգ դրության երկամյա ռեժիմի գործողությունը, որը սահմանվել էր 2015 թվականի նոյեմբերին: Դրա գործողությունը նոյեմբերի 1-ից չեղարկվում է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ, որը շաբաթվա սկզբին ստորագրել է նոր օրենք ներքին անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի մասին։
«Մենք որոշեցինք նոյեմբերի 1-ից չեղյալ հայտարարել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում սահմանվել է երկու տարի առաջ»,- հոկտեմբերի 31-ին Ստրասբուրգում հայտնել է Մակրոնը:
Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքով զոհվեցին 130 ֆրանսիացիներ: Այդ ժամանակվանից այն երկարաձգվել է վեց անգամ: Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի խոսքով՝ արտակարգ դրության գործողության ժամանակաշրջանում իրավակարգի ուժերը կարողացել են Ֆրանսիայի տարածքում կանխել 32 ահաբեկչական գործողություն, առգրավվել է 652 միավոր զենք, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: