«Մոտ 5.5 հազար մարդ զրկվելու է աշխատանքից, բայց քննարկվում է նախկին պաշտոնյայի կնոջ անորոշ գրառումը. դա ոչ ադեկվատ է». Արմեն Բադալյան
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառման շուրջ բարձրացված աղմուկին՝ ասաց, որ Հայաստանի քաղաքական դաշտն այն կարգի ոչ ադեկվատ է դարձել, որ մի կնոջ ֆեյսբուքյան գրառումը դարձել է մեկնաբանության առարկա. «Դա ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դաշտի դեֆեկտավորվածության աստիճանը։ Դա ընդհանրապես քննարկելու կամ մեկնաբանելու հարց էլ չէ»։
Ինչ վերաբերում է այդ գրառման վերաբերյալ ՊՆ-ի արձագանքին, ապա, ըստ Բադալյանի՝ դրան պետք է արձագանքեր ոչ թե ՊՆ-ն, այլ մեկ այլ կառույց. «Երբ մարդը կոնկրետ բան է ունենում ասելու, հստակ ասում է՝ այսինչ պաշտոնյան այսինչ ժամանակ այսինչ բանն է արել։ Եթե դու գիտես, որ ինչ-որ մեկը հանցագործություն է կատարել, ու դրա մասին չես խոսում, դառնում ես հանցակից։ Դրա համար ուրիշ արձագանք պետք է լիներ. ոչ թե ՊՆ-ն պետք է արձագանքեր, այլ ուրիշ մարմին, որովհետև փաստացի ստացվում է, որ ինչ-որ մեկը հանցագործության մասին գիտի ու չի փաստում կոնկրետ հանցագործությունը»։
Արմեն Բադալյանն ընդգծեց. «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը հանձնվեց շահագործման, շուտով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը պետք է ստորագրվի, ՀՀ-ում բյուջեի քննարկման հարցն է առաջ եկել, և այնտեղ բազմաթիվ խնդիրներ կան՝ մոտ 5.5 հազար աշխատողի կրճատում են, և պատկերացրեք՝ այդ գլոբալ հարցերը թողած՝ քննարկման առարկա է դարձել նախկին պաշտոնյաներից մեկի անորոշ գրառումը։ Սա ցույց է տալիս Հայաստանի քաղաքական, պետական կառավարման համակարգերի ոչ ադեկվատությունը»։
Անդրադառնալով այն քննարկումներին, որ Սեյրան Օհանյանի կնոջ գրառումը պատահական չէր, այն 2018թ. ապրիլին ընդառաջ արվող քայլ է, քանի որ, ըստ տարբեր կարծիքների՝ ապագա վարչապետի պաշտոնի թեկնածուներից մեկը Վիգեն Սարգսյանն է, Արմեն Բադալյանը հետևյալն ասաց. «Այդ հարցի վերջնական որոշումը քննարկվելու է Մոսկվայում։ Մոսկվան չի կարող ասել՝ դու Պողոսին կամ Պետրոսին ես նշանակում վարչապետ, ուղղակի հարցի քննարկումը լինելու է ՌԴ նախագահի աշխատակազմում։ Եթե ՀՀ իշխանությունները ցանկանան նշանակել այս կամ այն անձին, թեկնածությունները պետք է քննարկվի ՌԴ նախագահի աշխատակազմում։ Այս համատեքստում նշանակություն չունի, թե ՀՀ նախկին պաշտոնյայի կինն այս կամ այն անձի հասցեին անուղղակի ինչ-որ քննադատություն կանի՞, թե՞ ոչ»։
Ռուզաննա Խաչատրյանի գրառումն առնչվում էր բանակից ազատված մի պաշտոնյայի պատմության: Ռուզաննա Խաչատրյանը գրել է, որ այդ պատմությունը ծավալվել է իր աչքի առաջ. «Մինչդեռ բանակից ազատված այդ պաշտոնյան ներկայում ճառում է հայրենասիրության և ծառայելու անհրաժեշտության մասին»։ Ռուզաննա Խաչատրյանը պաշտոնյայի անունը չի նշում, բայց միանգամից սկսեց շրջանառվել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունը։ Ավելին, գրառմանը պաշտոնապես արձագանքեց ՊՆ-ն։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մասնավորապես գրել էր, որ Վիգեն Սարգսյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից, չի եղել հետախուզման մեջ, նրա նկատմամբ Ռազմական ոստիկանության կամ իրավապահ որևէ այլ մարմինների կողմից չի իրականացվել որևէ գործողություն, նախաքննական, հետախուզական, քննչական որևէ ընթացակարգ: «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը կատարել է հայրենիքի պաշտպանության իր սահմանադրական պարտքը` ծառայելով ՀՀ Զինված ուժերում՝ որպես սպա: Զորացրվել է պահեստազոր՝ ավագ լեյտենանտ զինվորական կոչումով»,- գրել էր Հովհաննիսյանը։
ՊՆ պաշտոնական պատասխանին հետևեց Ռուզաննա Խաչատրյանի մեկ այլ գրառում, որտեղ նա տվեց այդ պաշտոնյայի արտաքին նկարագիրը. փորի մեծությամբ առջևից հիշեցնում է հղիության 7-8 ամսում գտնվող կնոջ, իսկ շրթունքները նման են Քիմ Քարդաշյանի շրթունքներին: «Ենթադրում եմ, որ իմ գրառմանն անդրադարձած գերատեսչությունում շուտով կսկսեն անտրոպոմետրիկ չափումներ իրականացնել և լրագրողների հարցապնդումներին կպատասխանեն, որ նման արտաքինով մարդ իրենց մոտ չի աշխատում, կամ փորի մեծությունը համապատասխանում է ոչ թե 7-8, այլ 5-6 ամսական հղիության»,- գրել է Խաչատրյանը։