Ոստիկանությունը 350 մլն դրամով 43 հատ Toyota Corolla է գնել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության գնումների 2017 թվականի պլանից տեղեկանում ենք, որ ընթացիկ տարում գերատեսչությունը «Տոյոտա-Երևան» ընկերությանից ձեռք է բերել 43 հատ 2017 թվականի արտադրության Toyota Corolla մակնիշի մեքենա:

Ոստիկանությունը «Տոյոտա-Երեւան» ընկերությանը այս 43 մեքենաների համար վճարել է 350 մլն ՀՀ դրամ: Պայմանագրի համաձայն՝ 27 մեքենաներից յուրաքանչյուրի արժեքը 8 մլն 120 հազար դրամ է, իսկ 16-ինը՝ 8,5 մլն: Պայմանագրում առկա տեղեկություններով մեքենաների արտադրող երկիրը Թուրքիան է:

«Տոյոտա-Երևան» ընկերությունը, հիշեցնենք, կապվում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի անվան հետ: Ոստիկանության մեքենաներն ապահովագրվում են «Նաիրի Ինշուրանս» ընկերությունից, որը կրկին Քոչարյանների ընտանիքին է պատկանում: Ապահովագրության համար ոստիկանությունը այս ընկերությանը փոխանցել է մոտ 7,5 մլն դրամ:

Ձեռք բերվող 43 մեքենաների հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք ոստիկանությունից, սակայն այնտեղից առաջարկեցին պարզբանման համար դիմել գրավոր: Առաջիկայում մեր ընթերցողին կներկայացնենք, թե ինչ նպատակով է ոստիկանությունը ձեռք բերում այս մեքենաները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս