ՀՀԿ-ում կրքերը հասել են գագաթնակետին. անգամ կանայք հետ չեն մնացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ուրբաթ երեկո՝ նախորդ օրվա ԳՄ-ից հետո, ՀՀԿ գրասենյակում կրքերը հասել են գագաթնակետին: ՀՀԿ-ականների մեծ մասը «տղավարի քֆուր» է դրել, որ «մատներս էլ կտրեք, էսքան վախտ ինչ օրենք բերել եք, սուսուփուս քվեարկել ենք, էս մեկը չենք քվեարկելու»:

Խոսքն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքին է վերաբերում, որը նախորդ օրը քննարկվել էր ԳՄ նիստում, սակայն նիստի մասնակիցները «լավ» չէին հասկացել Սերժ Սարգսյանի դիրքորոշումը։ Վերջինս իրեն հատուկ լռությամբ հետևել է քննարկմանը, վերջում հանձնարարել․ «Վաղը՝ ԱԺ նիստից հետո, ՀՀԿ ողջ ֆրակցիան հավաքվում է գրասենյակում, մանրամասն քննարկում եք, արդյունքներն ինձ է ներկայացնում Վահրամ Բաղդասարյանը»:

Այն, որ Վահրամն է ներկայացնելու և ոչ օրենքի հեղինակներ Դավիթ Հարությունյանը կամ Արփինե Հովհաննիսյանը, որոնք միակն են, որ կողմ են օրենքին, ինչպես նաև ԳՄ-ից հետո Շարմազանովի ասածները, որ վերապահումներ ունենք օրենքի նկատմամբ, ազդանշան է եղել ՀՀԿ-ականների համար՝ դեմ խոսելու. անգամ կանայք՝ Շուշան Պետրոսյանը, Հերմինե Նաղդալյանը, հետ չեն մնացել կուսակիցներից, հանդես են եկել խիստ արմատական դիրքերից։

Ամենաակտիվը քննարկման ժամանակ եղել է Թունելի Հակոբը։ «Անգամ ամոթ է էս օրենքն օրակարգ մտցնելը»,- գտել է նա: Իսկ երբ Արփինե Հովհաննիսյանը փորձել է փրկել քննարկումը՝ ասելով՝ ԳՄ-ում որոշել ենք օրենքն ընդունել, իր հերթին Դավիթ Հարությունյանն ասել է, թե Ազգային անվտանգության խորհրդում նույնպես որոշում է կայացվել օրենքն ընդունել։

Այդ ժամանակ արդեն ոմանք պայթել են. «Սուտ է, նման որոշումներ չկան»: Հիշեցնենք, որ օրենքը բխում է Հայաստան-ԵՄ «տնային աշխատանքի» թեզերից, և այն պետք է ընդունվի մինչև տարեվերջ, իսկ մինչև տարեվերջ ԱԺ-ին մնացել է 2 լիագումար նիստ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս