Պատանդառուին զայրացրել է իր երեխայի լույս աշխարհ չգալու փաստը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրում երեկ տեղի ունեցած միջադեպը շոկ էր: Համենայն դեպս, նորանկախ Հայաստանում դժվար է հիշել՝ երբևէ եղե՞լ է դեպք, որ զինված ներխուժեն ու պատանդ վերցնեն մանկապարտեզի երեխաներին:

Ճիշտ է՝ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում կատարվածը «կենցաղային հողի վրա էր», քանի որ պատանդառուն այդպես փորձում էր հաշիվներ պարզել զոքանչի հետ, որն, ի դեպ, մանկապարտեզի տնօրենն է: Բարեբախտաբար, իրավիճակը մի քանի ժամ անց հանգուցալուծվեց. ոստիկանները վնասազերծեցին պատանդառուին:

Եվ այսպես՝ երեկ՝ ժամը 16:25-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ Արգամ Հովիկյանը ներխուժել էր Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ և պահանջել կնոջը: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ կինը որոշ ժամանակ առաջ տանից հեռացել էր. ինչ-ինչ պատճառներով նրանց երեխան լույս աշխարհ չի եկել, և այդ ամենի համար Հովիկյանը որոշել է զոքանչից վրեժ լուծել, քանի որ նրան լուրեր են հասել, թե ամենի մեղավորը զոքանչն է եղել: Մյուս կողմից՝ Հովիկյանը փորձել է գտնել տնից հեռացած կնոջը, բայց նրա գտնվելու վայրը չեն հայտնել: Նա էլ ստիպված որոշել է հարցերն այդպես լուծել: Մանկապարտեզում պատանդ է վերցրել զոքանչին՝ Ռոզա Վարդանյանին, և մի երեխայի:

Շուրջ 4 ժամ ոստիկանությունը բանակցություններ է վարել, որ տղամարդը թողնի երեխային եւ զոքանչին, սակայն ավելի ուշ, երբ պատուհաններից երեւացել է, թե ինչպես տղամարդը զոքանչին «այս ու այն կողմ է քաշում», վնասազերծել են՝ երեք անգամ կրակելով: Ոստիկանությունը 3 տարեկան երեխային դուրս է բերել մանկապարտեզից:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վնասազերծման ժամանակ պատանդառուն ինքնավնասում է արել. սրտի և մատերի շրջանում։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվում։ Ավելի ուշ հիվանդանոց է գնացել նաև պատանդառուի «կորած» կինը: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ քր.օր.-ի 218 հոդվածի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ երեխային պատանդ պահելը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս