Արմավիրի մանկապարտեզում երեխային պատանդ պահած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Արմավիր քաղաքի մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ պահող տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն են ցուցաբերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում»: