Արմավիրի մանկապարտեզի պատանդառուն ներկայացրել է անձնական պահանջներ. ՀՀ ոստիկանություն
Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության ԶԼՄ-ների հետ կապի վերլուծության և լրատվության բաժնի ավագ տեսուչ Մարտուն Սիմոնյանը նոր մանրամասներ է ներկայացրել Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում զինված անձի կողﬕց պատանդ պահելու դեպքի վերաբերյալ:
Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում Մարտուն Սիմոնյանն ասաց, որ ժամը 16:25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակով տղամարդ է ներս մտել: «Անﬕջապես արձագանքել է ոստիկանության տարածքային ստորաբաժանման օպերատիվ խումբը: Արդեն դեպքի վայրում պարզել են, որ դանակով մանկապարտեզ մտած տղամարդը երեքամյա ﬕ տղայի հետ առանձնացել է սենյակում և ներկայացնում է անձնական պահանջներ: Ահազանգերը փոխանցվել են իրավապահ այլ մարﬕնների ներկայացուցիչներին, այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, քրեական հետախուզության գլխավոր վարչության, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ»,- ասաց նա:
Մարտուն Սիմոնյանը հավելեց, որ իրավապահները տղամարդու հետ բանակցություններ են վարում, որպեսզի նա ազատ արձակի պատանդին: Նա նշեց, որ չի կարող հաստատել մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե զինված տղամարդը պահանջում է հանդիպում իր կնոջ հետ, ով նույն մանկապարտեզի աշխատակից է: «Քննության շահերից ելնելով՝ նրա կողﬕց ներկայացվող պահանջների մասին ավելի ուշ կտեղեկացնենք: Այս պահին կարող եմ ﬕայն ասել, որ նա ներկայացրել է անձնական պահանջներ»,- ընդգծեց ոստիկանության պաշտոնյան:
Սիմոնյանը նաև հստակեցրեց, որ մանկապարտեզի ներսում ﬕայն զինված տղամարդն է, նրա պատանդ երեքամյա երեխան և իրավապահ կառույցների ներկայացուցիչները: Նա նշեց, որ հիվանդանոցներից ﬕջադեպի հետևանքով մարﬓական ﬖասվածքներ ստացած անձանց վերաբերյալ ահազանգ ոստիկանությունն այս պահին չունի: Պարզվել է նաև պատանդառուի ինքնությունը, սակայն քննության շահերից ելնելով, նրա անունը ոստիկանությունը նպատակահարմար չի համարում հրապարակել: Ոստիկանությունը նաև ապահովել է մանկապարտեզի աշխատակիցների և մյուս երեխաների անվտանգ դուրսբերումը մանկապարտեզի շենքից:
Դեպքի վայրում է գտնվում նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: