«Show must go on». Ալեքսանդր Իսկանդարյանը՝ բանակցային գործընթացի մասին

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանի կարծիքով՝ տարբեր հանդիպումներ կարող են տեղի ունենալ, բայց դրանից Ադրբեջանի ռազմավարությունն Արցախի հարցում չի փոխվում։

«Պայմանավորվե՞լ են ինչ-որ բանի մասին Ժնևում։ Եթե ակտիվացում համարենք տարբեր հանդիպումները, ապա դրանք կարող են ամեն պահի տեղի ունենալ, բայց արդյո՞ք դա կնշանակի, որ ադրբեջանական կողմը փոխել է ռազմավարությունը։ Ես Ադրբեջանի կողմից ռազմավարության փոփոխություն չեմ տեսնում, եթե դա լինի, մենք կտեսնենք։ Առանց վստահության վերականգնման՝ բանակցային գործընթացում որևէ ակտիվացում տեղի չի ունենա։ Կարող են հանդիպել, քննարկել, խոսել, բայց դեռ ռազմավարական փոփոխություն չեմ տեսնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։

Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համակարծիք էր. «Ադրբեջանի ռազմավարությունը չի փոխվում, նա փորձում է սահմանային լարվածությունների միջոցով ազդել բանակցային գործընթացի վրա՝ ի օգուտ իրեն։ Ոչ ոք չի պատրաստվում լրջորեն կարգավորել կոնֆլիկտը։ Ես խոսում եմ ոչ թե իդեալական, այլ ռեալ իրավիճակի մասին։ Ադրբեջանին կոնֆլիկտի կարգավորում այս պահին հաստատ հարկավոր չէ, նրանք զիջումների չեն գնա։ Ինչ վերաբերում է համանախագահներին, ապա այն, ինչով նրանք զբաղվում են, ոչ թե կոնֆլիկտի կարգավորման փորձեր են, այլ կոնֆլիկտի մենեջմենթ՝ բռնությունների նվազում, վստահության մեխանիզմներ, հետաքննություն և այլն։ Սրանք բոլորը կարգավորում չեն, այլ արվում են նրա համար, որ բռնությունները նվազեն։ Այսինքն՝ իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա, ու այդպես էլ կմնա։ Ադրբեջանը որևէ մոտիվացիա չունի՝ իրավիճակը փոխելու»։

Ընթացող բանակցությունները, ըստ Իսկանդարյանի՝ կարգավորման նպատակ չունեն, այլ ունեն 3 նպատակ. «Առաջին՝ «show must go on». եթե անգամ նրանք ոչնչից չեն խոսում, միևնույն է, եթե միջանցք կա երկրների միջև, դա ավելի լավ է, քան, եթե դա ընդհանրապես չլիներ։ Երկրորդ՝ դա պրոցեսի միջազգայնացում է. սենյակում նստած են ոչ միայն  հայ և ադրբեջանցի, այլև՝ ռուս, ամերիկացի և ֆրանսիացի։ Դա ունիկալ ֆորմատ է։ Երրորդ՝ փորձել ստատուս-քվոն պահպանել, քաղաքական անվտանգություն պահպանել։ Քանի դեռ դա կա, կա ևս մեկ ֆորմատ՝ կոնֆլիկտի կողմերի վրա ազդելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս