
Ահազանգ. երկու երիտասարդ ռետինե նավակով գտնվում են Սևանա լճում և չեն կարողանում ափ դուրս գալ

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13:46-ին, ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Չանչի» կոչվող հատվածում, երկու քաղաքացի ռետինե նավակով գտնվում են լճի մեջ և չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ քաղաքացիներ՝ 1982 թ. ծնված Հ. Մ.-ը և 1981 թ. ծնված Կ. Մ.-ը ռետինե նավակով գտնվում են Սևանա լճում՝ ափից մոտ 3 կմ հեռավորության վրա, և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ ափ: Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ: