Չինաստանը պլանավորում է մինչև 2030 թվականը դառնալ աշխարհում արհեստական ինտելեկտի հիմնական ինովացոն կենտրոնը
Անցած շաբաթ «Բայդու» չինական կորպորացիան գործընկերոջ հետ համատեղ համաձայնագիր է ստորագրել ռազմավարական համագործակցության մասին, որի համաձայն, մինչեւ 2018 թվականը պլանավորում է սկսել առեւտրային անվարորդ միկրոցիրկուլյացիոն փոխադրամիջոցների փոքրամասշտաբ արտադրությունն ու փորձնական շահագործումը:
Ինչպես հայտնել է «Ժենմին ժիբաոն», ընկերությունն սկսել է անվարորդ ավտոբուսների նախագծումը, սերիական արտադրության չափորոշիչների եւ շահագործման մոդելների ուսումնասիրումը: «Բայդու»-ի մուտքը «անվարորդ վարման» ինդուստրիա արտացոլել է արհեստական ինտելեկտը զարգացնելու չինական ձեռնարկության ձգտումը:
«Բայդու»-ի եւ «Ցզինլունի» կողմից մշակվող ավտոբուսը որոշակի իրավիճակներում կարող է իրականացնել ամբողջովին անվարորդ վարում: Այն գլխավորապես նախատեսված է վերջին կիլոմետրի հաղթահարման համար:
«Բայդու» ընկերության Apollo անվարորդ հարթակը նաեւ մշակում է ինտերակտիվ համակարգ՝ մարդու եւ մեքենայի մասնակցությամբ, կառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են հատուկ իրավիճակների համար, միկրոցիրկուլյացիոն փոխադրամիջոցների ավտոմատ կառավարման համակարգ:
Չինաստանի կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը, զեկույցով հանդես գալով ՉԿԿ-ի 19-րդ համագումարում, նշել է, որ անհրաժեշտ է «արագացնել առաջավոր արտադրության զարգացումը, առաջ մղել Համացանցի զարգացման, մեծ տվյալների մշակման տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի եւ տնտեսության իրական հատվածի խորը ինտեգրումը»:
Շատերն են նշել, որ Չինաստանի կառավարությունն արհեստական ինտելեկտի զարգացումն արդեն ներառել է պետական ռազմավարության մեջ: Ծրագրվում է, որ մինչեւ մինչեւ 2030 թվականը Չինաստանը արհեստական ինտելեկտի տեսությունը, տեխնոլոգիաներն ու կիրառումը կհասցնի առաջավոր համաշխարհային մակարդակին, կդառնա աշխարհում արհեստական ինտելեկտի հիմնական ինովացոն կենտրոնը:
Ներկայում Չինաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում այդ ոլորտում միջազգային գիտատեխնիկական փաստաթղթերի հրապարակումներով եւ գյուտերի արտոնագրերի թվով: PWC միջազգային խորհրդատվական գործակալության զեկույցի համաձայն, այժմվանից մինչեւ 2030 թվականը արհեստական ինտելեկտը կնպաստի 14 տոկոսով համաշխարհային ՀՆԱ-ի աճին:
Վերջերս Goldman Sachs բանկը հրապարակել էր «ՉԺՀ-ի վերելքը արհեստական ինտելեկտի ոլորտում» զեկույցը, որում ասված է, որ Չինաստանն ունի արհեստական ինտելեկտի զարգացման համար անհրաժեշտ մասնագետներ, տվյալներ ու ենթակառուցվածք, քանի որ, առաջին՝ ՉԺՀ-ն աշխարհի երկրորդ տնտեսությունն է, երկրորդ՝ երկրի կառավարությունը բազմաթիվ օժանդակ քաղաքական ուղեցույցներ է հրապարակել այդ ոլորտում, օրինակ, «Ինտերնետ+» գործողությունների պլանը: Չինաստանը նաեւ ունի այնպիսի խոշոր ինտերնետ-ընկերություններ, ինչպիսիք են՝ Baidu-ն, Alibaba-ն եւ Tencent-ը։