«Այս օրենքը դիվերսիա է բանակի նկատմամբ». Ազատ Արշակյան

«Թատրոնը սկսվում է հանդերձարանից, բանակն էլ սկսվում է ուսուցչանոցից: Մեր բոլոր հաղթանակները պայմանավորված են մեր կրթությամբ, մեր գիտելիքներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին՝ այս մասին ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը` հավելելով, որ գիտելիքն ուժ է:

«Նախևառաջ՝ պաշտպանության նախարարն իրավունք չունի, ասենք՝ գնա, կաղամբ հավաքի բանակի համար կամ սվին ձուլի դարբնոցում, նա ընդամենը պետք է պատվեր տա, որ հայկական պետությունն անվտանգ լինի: Պաշտպանության նախարարի գործը դա է, իսկ պետությունը դա ո՞նց կապահովի, թող արդեն կաշվից դուրս գա: Ես ցավով եմ դա տանում, քանի որ իմ տղան պրոֆեսիոնալ զինվորական է դառնում, և դա ինձ շատ մոտ է»,- ասաց նա:

Արշակյանի խոսքով՝ այս օրենքի ընդունմամբ հասարակության մոտ բացասական վերաբերմունք կձևավորվի բանակի հանդեպ. «Վազգեն Սարգսյանը զոհվեց, Բաբայան Սամվելը բանտում է, Վաղարշակ Հարությունյանը բանտում եղել է, չկա քաղաքական ասպարեզում, Սեյրան Օհանյանը 2,5% ողորմություն ստացավ և դուրս արվեց քաղաքականությունից, Շիրխանյանը բանտում է: Հիմա Վիգեն Սարգսյանը դարձել է թիրախ: Նա չպետք է ներկայացներ այդ նախագիծը, նա նոր երիտասարդ գործիչ է` նոր կարգավիճակով: Նա պետք է զբաղվի իր ռեֆորմներով, իսկ որ գնա ԱԺ-ում ելույթ ունենա, մասնակցի այդ քաղաքական քննարկումներին, որոնք երկուստեք վտանգավոր էին, դա անթույլատրելի է»:

Ըստ նրա՝ կրթության, գիտության նկատմամբ արհամարհական վերաբերմունք կա Հայաստանում. «Ընդվզումը պետք է լիներ բյուջեի քննարկման ժամանակ, երբ կրճատվում էր կրթությանը հատկացվող գումարը: Դա պետք է լիներ թիրախը: Մեր ԿԳ նախարարը մի անգամ ինչ-որ պնդում արեց, թե՝ այսպես կլինի, հետո հրաման եկավ կուսակցությունից, ու նա իր կարծիքը փոխեց, հետո էլ ինքն իրեն քննադատելով՝ ասաց, որ մեծ-մեծ խոսել է: Նա ինքնաքննադատաբար ասաց, որ սկզբունքային չէ: Մեր քաղաքական կյանքը հիմա դիմակահանդես է, ով ինչ դիմակ տալիս է՝ կրում են»:

Արշակյանի դիտարկմամբ՝ օրենքը պետք է սկսվի կրթությանը հատկացվող ֆինանսավորումից. «Եթե մարդը չի ծառայել բանակում, պետք է բարձր պաշտոն չզբաղեցնի»:

Նա հավելեց, որ այս օրենքը դիվերսիա է բանակի նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս