«Դա անարգանք է Հոկտեմբերի 27-ի զոհերի, մասնավորապես, Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հասցեին». Նիկոլ Փաշինյան

«1999թ. հոկտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության նախարարն էր և նրա անմիջական պարտականությունների մեջ էր մտնում երկրի վարչապետի, ԱԺ նախագահի անվտանգությունն ապահովելը: Այդ պարտականությունների կատարման ընթացքում ՀՀ մեծ թվով պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են սպանվել: Այս վիճակագրությունը կոնկրետ բանի մասին է խոսում: Էլ չեմ ասում հոկտեմբերի 27-ի նախընթաց շրջանում, ինչպես հետագայում պարզվեց, ԱԱԾ հետ համագործակցող անձինք տեղեկություններ են հաղորդել Նաիրի Հունանյանի կողմից նման ոճրագործություն պատրաստելու վերաբերյալ և ԱԱԾ-ն համապատասխան միջոցներ ըստ էության չի ձեռնարկել»,- այսօր ԱԺ-ում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ լրագորղների հետ զրույցում հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` գործի քննության ժամանակ կազմակերպիչների մասով մաս է անջատվել, ինչը նշանակում է, որ այն, որ կան կազմակերպիչներ, պաշտոնական վարկած է, խնդիրն այն է, որ այդ վարկածը պատշաճ ձևով չի ուսումնասիրվում, չի քննվում:

«Թույլ տվեք ասել, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը Հայաստանում ունի համապատասխան լծակներ, այդ հարցը պատշաճ քննության չի արժանանալու»,- ասաց Ն.Փաշինյանը։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հյատարարությանը, որ եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, միևնույնն է, Հայաստանի զարգացման ուղին չէր փոխվի, Ն.Փաշինյանը դա ուղղակի «ծիծաղելի» որակեց.

«Դա անարգանք է Հոկտեմբերի 27-ի զոհերի, մասնավորապես, Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հասցեին։ Ես ուզում եմ արձանագրել մի բան՝ Հոկտեմբերի 27-ին գլխատվել է այն Ազգային ժողովը և այն կառավարությունը, որը ձևավորվել է մի ընտրություններով, որի արդյունքները չեն վիճարկվել ընդհանրապես որևէ մեկի կողմից, այսինքն` որևէ մեկը կասկած չի ունեցել, որ դա ժողովրդի քվեի արդյունքում ստացված, ձևավորված Ազգային ժողով և կառավարություն է։ Դրան նախորդած ու հաջորդած բոլոր ընտրությունները լեգիտիմության կասկածելիության բեռն ունեցել են և, կարծում եմ, նման միտք արտահայտելը պատշաճ չէ որևէ մեկի կողմից, որովհետև երկրի զարգացման ամենակարևոր բաղադրիչը մարդկանց համախմբելու կարողություն ունեցող իշխանությունն է, և հայ ժողովուրդը համախմբված էր «Միասնություն» դաշինքի շուրջ, որին տվել էր վստահության մեծ քվե»։

Տեսանյութեր

Լրահոս