Սիրիայի իշխանություններն են պատասխանատու քիմզենքի օգտագործման համար. ՄԱԿ-ի փորձագետներ
ՄԱԿ-ի փորձագետները Սիրիայի իշխանություններին են պատասխանատու համարում 2017 թվականի ապրիլի 4-ին Խան Շեյխունում զարինի օգտագործման համար: Այդ մասին գրել է Associated Press գործակալությունը:
Սիրիայում քիմիական գրոհների հետաքննության գծով ՄԱԿ-ի եւ Քիմական զենքի արգելման կազմակերպության համատեղ մեխանիզմի ղեկավարությունը «վստահ է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունն է պատասխանատու Խան Շեյխունում զարինի օգտագործման համար», գործակալությունը քաղվածք է արել այն զեկույցի հիմնական եզրակացություններից, որին նրան հաջողվել է ծանոթանալ:
Associated Press-ը գրում է, որ «փորձագետների զեկույցում հաստատվում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի եզրակացություններն այն մասին, որ սիրիական ինքնաթիռը զարին պարունակող ռումբ է նետել Խան Շեյխուն քաղաքի վրա»: Ապրիլի 4-ին սիրիական Խան Շեյխուն քաղաքում իրականացվել Է քիմիական գրոհ, որի զոհ է դարձել շուրջ 100 մարդ:
Արեւմտյան երկրների մեծ մասը եւ Սիրիայի ընդդիմությունը դրա պատասխանատվությունը բարդել են Սիրիայի կառավարության վրա: Դամասկոսում մեղադրանքները հերքում են: Ռուսաստանը հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Սիրիայում քիմիական գրոհների հետաքննության խնդրով զբաղվող ՄԱԿ-ի եւ ՔԶԱԿ-ի առաքելության մանդատի երկարաձգման բանաձեւը: ԱՄՆ-ի կողմից պատրաստված փաստաթղթի քվեարկության ժամանակ այն պաշտապանել է 11 երկիր:
Չինաստանը եւ Ղազախստանը ձեռնպահ են մնացել: Դեմ են քվեարկել Ռուսաստանը եւ Բոլիվիան: Հետաքննության համատեղ մեխանիզմի փորձագետների աշխատանքի մանդատը լրանում է նոյեմբերի 17-ին: Ռուսաաստանի ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ Մոսկվան ՄԱԿ-ՔԶԱԿ առաքելության մանդատի վերաբերյալ հետագա քայլերի սխեմա կառաջարկի Հետաքննության համատեղ մեխանիզմի զեկույցի հրապարակումից եւ դրա մանրակրկիտ ուսումնասիրումից հետո, հաղորդել է «Ինտերֆաքսը»: