«Մտավախություն կար, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելուց ՀՀ-ԵՄ հարաբերությունները խիստ կվատանային». Վահրամ Բաղդասարյան
«Այս համաձայնագիրն ավելի է հաստատում մեր ապագա համագործակցությունը թե՛ տնտեսական ոլորոտում, թե՛ քաղաքական»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` վստահեցնելով, որ ՀՀ-ԵՄ ստորագրվելիք փաստաթղթում Հայաստանի համար որևէ վտանգավոր կետ չկա հիմնական հարցերի, այդ թվում՝ Ղարբաղյան հիմնախնդրի վերաբերյալ:
Ըստ նրա` մտավախություն կար, որ Հայաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելուց և ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո կարող էին խիստ վատանալ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, սակայն ԵՄ հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է 35 %-ով: Վ.Բաղդասարյանը նշեց, որ վիզաների ազատականացման վերաբեյալ քննարկումները դեռ չեն սկսվել, աշխատանքն ընթանում է փուլերով, պետք է սպասել մինչև պաշտոնական վավերացումը:
«Այո, կան խնդիրներ, որոնք պետք է առաջ քաշենք: Վիզաների ազատականացումը հրատապներից է»,- ասաց Բաղդասարյանը:
Նա վստահեցրեց, որ իշխանությունը լծված է ԵՄ հետ համաձայնագրի դրույթների կատարմանը, բայց դեռ գոհ չէ արդյունքներից. «Ինձ թվում է՝ Եվրամիության հետ այս համագործակցությամբ ու նրանց օժանդակությամբ մենք կարող ենք ավելի ինտենսիվացնել մեր պայքարը և՛ կոռուպցիայի, և՛ մենաշնորհների դեմ»: