«Չկա մեր հանրապետությունում մեկը, որը թամադայության համար ստանար այնքան գումար, ինչքան ես էի ստանում». Հրանտ Թոխատյան

Դերասան Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում պարզաբանեց, թե ինչ վիճակում է Կանազի մշակութային տունը և ինչու է որոշել վարձակալել այն։

«Կանազի մշակութային տունը «Կանազ» գործարանի վաճառքից հետո մնացել էր անտեր, օդում կախված։ Մեր չինովնիկներից մեկի կողմից հանձնվել էր իր ընկերներին, հետո այդ ընկերները փորձեցին ինչ-որ բան այնտեղ անել, չստացվեց ու կեսից շատը վաճառել էին, մեջն էլ բավականին գույք կար։ Հետո նորից վերավաճառվել էր։ 2007թ. այդ շենքը շատ պատահական այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարության կողմից գտնվել էր, ու մեր ներկայացումը նայելուց հետո՝ առաջարկեցին մեզ։ Իմ երազանքն է միշտ եղել ունենալ մանկական թատերական դպրոց և մանկական թատրոն։ Շենքը ոչ մեկը ոչ մեկին նվեր չի տվել, դա պետական շինություն է։ Ես դիմել եմ վարձակալությամբ՝ 99 տարով, որ տարիները հերիքեն, որովհետև այն ծախսատար է»,- պարզաբանեց դերասանը։

Թոխատյանն ասաց, որ հիմա շենքը շատ վատ վիճակում է. «Մարդ պետք է բարբարոս լիներ, որ այդ շենքը հասցներ այդ վիճակին։ Այն միայն արտաքինից է շատ գեղեցիկ մնացել, ներսում ավերակներ են։ Նույնիսկ պատուհաններն են պոկված, վաճառված։ Ես չեմ հասկանում, թե ինչու այս աղմուկը բարձրացավ։ Եթե ուզում եմ, որ այնտեղ մանկական դպրոց, թատրոն լինի, ունեմ այդ հնարավորությունը, պայմանավորվածություն ունեմ իմ շատ լավ ընկերների հետ, որոնք համաձայն են ներդրում անել իմ երազանքի մեջ՝ առանց ակնկալիքի, վա՞տ է։ Հնարավոր չէ մշակույթի օջախի մեջ ներդնես 1 միլիոն գումար ու մտածես, թե դա եկամուտ է բերելու։ Չի բերելու։ Այդ փողը ներդրվում է երեխաների համար, ինձ հավատալով՝ մարդիկ տալու են։ Այդ գումարը ես կգնեմ ու այդ դպրոցը կլինի, ուզում է դա Փոստանջյանը, թե ոչ։ Եթե այնտեղ ռեստորան կամ խանութ կբացվի, կգաք, կասեք՝ ամոթ քեզ»։

Դերասանն ասաց, որ իր ներկակացրած գումարի չափով շենքը կարող է վարձակալել ընդամենը տասը տարի, 99 տարով հնարավոր չէ այն տրամադրել, ինքն էլ համաձայն է. «Եթե հետո գումար ունենամ, նորից դիմում կգրեմ և ժամկետը կավելացվի։ Մենք ստեղծել ենք հնարավոր պայմաններ, որ «Կանազ» անսամբլի փորձերը հանկարծ չընդհատվեն։ Երիտասարդ ռեժիսորները, դերասանները, երաժիշտները, որոնք չունեն հնարավորություն, կարող են գալ մեզ մոտ աշխատել։ Այնտեղ կսովորեն այն մարդիկ, որոնք պետք կգան թատրոններին։ Այսօր թատրոնների տեխնիկական անձնակազմ չունենք, կամ տարիքով մեծ են այդ մարդիկ»։

Հրանտ Թոխատյանն արձագանքեց նաև Փոստանջյանի այն արտահայտությանը, թե դերասանը «գավառական խնջույքների թամադա է». «Փոստանջյանն ինձ մեղադրում է այն բանում, թե ես գավառական խնջույքների թամադա եմ։ Ես չեմ ամաչում այն բանից, որ թամադայություն եմ արել։ Ես դա արել եմ շատ լավ, դրա համար մարդիկ ինձ շատ մեծ գումարներ են տվել։ Չկա մեր հանրապետությունում մեկը, որը թամադայության համար ստանար այնքան գումար, ինչքան ես ստանում էի այն ժամանակ, երբ զբաղվում էի դրանով։ Իսկ այդ գումարներով մենք բավականին լավ գործեր ենք արել»։

Տեսանյութեր

Լրահոս