«Եվրոպական կողմն այնքան էլ չի ընդառաջել մեզ, կարելի էր ունենալ ավելի լուրջ համաձայնագիր». Հրանտ Բագրատյան

Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ

Պարոն Բագրատյան, հանրությունը սպասում էր Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրին, սակայն հրապարակվեց Հայաստան-Եվրամիություն-«Եվրոատոմ» փաստաթուղթը, որի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Ի՞նչ կարծիք ունեք այդ փաստաթղթի մասին։

– Ես չեմ կարողանում բացատրել, թե ինչ գործ ունի այդտեղ «Եվրոատոմը»։ Դա վերջին հարվածն էր, որովհետև առանց այդ էլ՝ նախապատրաստված երկկողմ պայմանագիրն այնքան էլ լավը չէր, գործնականում Հայաստանը քիչ բան էր ստանում։ Հիմա «Եվրոատոմը» միացնելով, ըստ էության, ստացվում է, որ այդ ամբողջ համաձայնագիրը կարելի է մի կողմ դնել, և դրա հիմնական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է (նկատենք, որ ՄԱԳԱՏԷ-ն կար)։

Փաստաթղթում նշվում է նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտության մասին։

– Այո, բայց չի ասվում՝ միջուկային։ Ինչպիսին էլ լինի Հայաստանի էներգետիկայի վիճակը, մեզ առաջիկա 20 տարում պետք կլինի միջինում 2500-3000 ՄՎտ հզորություն, որից մենք 1000-1200 ՄՎտ կունենանք հէկ-երում, նաև, եթե կառավարությունը հետևողական լինի, հնարավոր է՝ 500-600 ՄՎտ ոչ ավանդական՝ քամու և արևային էներգիա ունենանք (այսօրվա վիճակով գրեթե ոչինչ չկա), և մնացածը՝ 700-800 ՄՎտ, այսպես կոչված, փոխարինող կամ կայունացնող հզորություն է պետք, որովհետև հիդրոկայանները և ավանդական կայանները ենթակա են տարերային կարգավորման, դրանք չունեն մշտական հզորություն։

Համակարգում կայունացնող հզորությունը պետք է նոր ատոմակայանը լինի, որովհետև միևնույն է, հինը պետք է փակվի։ Ընդ որում՝ նոր ԱԷԿ-ի մասին խոսում ենք արդեն 15 տարի։ Ահա այստեղ ոչ թե միայն «փոխարինող» բառը պետք է օգտագործվեր, այլ դրանից հետո գրվեր՝ «միջուկային»։

Իմ խորին համոզմամբ՝ մեզ պետք է շուտով անջատել Հրազդանի ՊՇԷԿ-ը և, ընդհանրապես, ածխաջրածինների վրա աշխատող հզորությունները (բացառությամբ, թերևս, Երևանի ՋԷԿ-ի), քանի որ դրանք թանկացնում են արտադրանքը և արդեն արդիական չեն հումքի մատակարարման ռազմավարության տեսանկյունից։ Շրջանակային համաձայնագիրն այդ առումով ինձ համար, իհարկե, անբավարար է։

Դա՞ է Ձեր հիմնական դիտողությունը։

– Ոչ, իհարկե։ Ավելի շատ անբավարար եմ զգում, որ որևէ խոսք չկա առևտրային ռեժիմների, մաքսային տարիֆների, վիզաների մասին։

– GSP+ ռեժիմը պահպանվում է։

– GSP+-ը քանի՞ տարով է պահպանվում, ինչքա՞ն ժամկետով։ Այնտեղ պետք է լիներ որոշակի կոնկրետություն։ Օրինակ՝ 2018թ.-ից ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր բոլոր տեսակի արտոնությունները հանվում են։ Ինձ պարզ չէ, ուրեմն, GPS-ի ճակատագիրը։ Օրինակ, լուրջ ներդրողին հետաքրքրում է՝ երկարատև ժամանակահատվածի համար (նվազագույնը 10 տարի) Եվրոպայի հետ ՀՀ-ն ի՞նչ առևտրական ռեժիմ է ունենալու։

Բայց եթե այս համաձայնագրում առևտրային ռեժիմների մասին նշվեր, այն չէ՞ր հակասի ԵԱՏՄ-ին։

– Ոչ, չպետք է հակասեր։ Մոլդովան 0-ական մաքսային հավերժ կարգավորում ունի Եվրոպայի հետ, և նրան հաջողվեց պահպանել ազատ առևտրի ռեժիմը ԵԱՏՄ-ի հետ։ Այսինքն՝ Հայաստանն առաջինը չէր լինելու։

Քաղաքական տեսանկյունից ինչպիսի՞ն է փաստաթուղթը։ Դրանում նշվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հաստատված հանձնառության մասին, և տեսակետ կա, որ դա լրջագույն անվտանգության բաղադրիչ է մեզ համար։

– Ընդհանուր առմամբ՝ ես փաստաթղթին դեմ չեմ, բացառությամբ, թերևս, առևտրի ու վիզաների ռեժիմների, էներգետիկ ոլորտի կարգավորումների։ Նաև ինձ համար անհասկանալի է հայ փախստականներին Եվրոպայից Հայաստան վերադարձնելու պարտավորությունը։ Համենայն դեպս, քանի անգամ կարդում եմ այդ կետը, ստացվում է, որ շուտով Հայաստանն է գնալու այնտեղից իր փախստականներին բերելու։ Անհասկանալի է։

Ընդհանուր առմամբ՝ համաձայնագիրն անբավարար է, որովհետև ավելին էի սպասում, նույնիսկ սեպտեմբերին գովել էի, բայց այն, ինչ ենթադրվում էր, որ պետք է լիներ, չկա։ Իսկ մնացածը՝ մարդու իրավունքներ, դատական համակարգի կատարելագործում և այլն, լավ բաներ են, բայց դրանք անչափելի են, կոնկրետություն չեն։ Ի վերջո, Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ, նման պարտավորություններ ստանձնել էր։ Այս համաձայնագիրն ինձ մոտ շատ մեծ ոգևորություն չի ստեղծել, ավելին էի սպասում։

Վիզայի ազատականացման հարցն էլ կարծես շուտ չի լուծվելու։

– Այո։ Եթե համեմատենք Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ կնքված ասոցիացման համաձայնագրերի հետ, դրանցում 2 հսկաներ կան՝ ազատ առևտրի ռեժիմը և վիզաների ռեժիմը։ Երկու հարցերն էլ այս համաձայնագրով լուծված չեն մեզ համար։

Փաստորեն՝ տնտեսական զարգացման որևէ հեռանկար չկա, քաղաքականն էլ անորո՞շ է։

– Կրկնեմ՝ ես չեմ ասում, որ այդտեղ ոչինչ չկա։ Կներեք, բայց Եվրոպան ու Հայաստանն այս 2 տարի ի՞նչ էին բանակցում, բարի ցանկությունների՞ մասին էր խոսքը։ Իմ խորին համոզմամբ՝ հայկական կողմը պետք է փորձեր կոնկրետ հարցեր անցկացնել, որովհետև, որքան հասկանում եմ, Եվրամիությունն է, որ մերժել է այն հիմնական կենսական կետերը, որ մեզ համար կարևոր կլինեին։

Ստացվում է՝ գործնական առումով ԵԱՏՄ-ն առավելություննե՞ր ունի այս համաձայնագրի նկատմամբ։

– Ոչ, ես չգիտեմ՝ ինչն է եղել ԵԱՏՄ-ի դերը, որ առևտրատնտեսական հարաբերություններում որևէ շեղում չի եղել։ Օրինակ՝ մենք ասում ենք, որ Իրանը կամ Վիետնամը լինելու են ԵԱՏՄ անդամ, ստանալու են ազատ առևտրի ռեժիմ՝ միևնույն ժամանակ՝ պահպանելով իրենց ազատությունն այլ երկրների հետ։ Բայց, արի ու տես, որ ԵԱՏՄ-ի հիմնադիր անդամ Հայաստանը նման հնարավորություն չունի։ Ես ներքին ինֆորմացիա չունեմ, թե ինչպես է դա եղել, ում պատճառով, որ Եվրոպական այս համապարփակ համաձայնագրում առևտրի ռեժիմի վերաբերյալ որևէ մոդել ընտրված չէ, ու չի ասվում, որ այդ մոդելը կպահպանվի։

Սա շատ սկզբունքային հարց է, որովհետև Հայաստանի տնտեսությունը դրանից հետո ստիպված պետք է վերարտադրվի ԵԱՏՄ-ի փոքր տնտեսական տարածքում, որն 8 անգամ փոքր է, քան եվրոպականը։ Այսինքն՝ Հայաստանի հետագա զարգացումը չի լինի դիվերսիֆիկացված և, երբ մի օր կազմակերպչական փոփոխություններ լինեն, կամ ԵԱՏՄ-ն դադարի գոյություն ունենալ, Հայաստանը նորից կհայտնվի այնպիսի տնտեսական տարածքում, որի համար իր տնտեսական կառուցվածքը հարմար չէ։ Դրա համար շատ կարևոր էր, որ մենք ԵԱՏՄ-ին զուգահեռ՝ նույն ազատ առևտրի ռեժիմը մշտապես պահեինք ԵՄ-ի հետ։

Կարո՞ղ է՝ հետագայում բանակցություններ լինեն և նոր հնարավորություններ ստեղծվեն այդ առումով։

– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել՝ արդյոք դա քննարկվա՞ծ է, արդյոք Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկել և հավանություն տվե՞լ է, որ պահպանվեն։

Կարծիք է հնչում, որ շրջանակային համաձայնագրի ստորագրումը կրկին հետաձգվելու է, թեև այս անգամ խոչընդոտը ոչ թե Մոսկվայից է, այլ հենց Եվրոպայից։ Սա հնարավո՞ր է։

– Ես չգիտեմ։ Համենայն դեպս՝ եվրոպական կողմն այնքան էլ չի ընդառաջել մեզ։ Ես գտնում եմ, որ կարելի էր ունենալ ավելի լուրջ համաձայնագիր։

Այսինքն՝ սա լուրջ չէ՞։

– Ընդհանրապես՝ իմ նման մարդը չպետք է ասի՝ սա լուրջ է, կամ լուրջ չէ։ Բայց այստեղ կոնկրետ բաներ քիչ կան։ Եթե համաձայնագիրը կնքվի, հավատացնում եմ, էական ոչ մի փոփոխություն չի լինի Հայաստանի համար։

Այդ դեպքում Եվրոպան ի՞նչ է շահում։

– Եվրոպան, փաստորեն, անընդհատ ընդառաջում է Վրաստանի և Թուրքիայի ճնշմանը, և մենք առաջին անգամ պարտավորվում ենք ատոմակայանը փակել։ Չնայած, ի վերջո, խոստովանենք, որ ԱԷԿ-ը պետք է փակվի։ Գիտեք, երբ 1995 թ. կառավարությունը, այդ թվում՝ ձեր խոնարհ ծառան, վերաշահագործեց այն, դրանից հետո Հայաստանը ոչ միայն լուծեց իր էներգետիկ հարցը, այլև սկսեց էլեկտրաէներգիա արտահանել։ Մենք ժամկետ նշում էինք՝ 10-15 տարի, որովհետև կա ռեակտորի մետաղի հոգնածության խնդիր, չնայած մինչև հիմա ստուգում են, ասում են՝ նորմալ է, և շահագործում են։ Ամեն դեպքում, ատոմակայանը մի օր պետք է փակվի, բայց ես ակնկալում էի, որ այն պետք է փոխվի նոր միջուկային հզորությամբ։

Վերջերս էներգետիկ ենթակառուցվածքների նախարարը հայտարարել էր, թե չեն կողմնորոշվում՝ ինչ հզորության ԱԷԿ է մեզ անհրաժեշտ։ Հնարավո՞ր է, որ ԵՄ-ն կողմնորոշի և ֆինանսավորի նոր կայանի կառուցումը։

– Ես դա չգիտեմ, բայց ԵՄ-ն պետք է օժանդակեր։ Կրկնում եմ՝ մեզ բոլոր դեպքերում առաջիկա 20 տարում մինչև 800 ՄՎտ, այսպես ասած, փոխարինող կամ կայունացնող հզորություններ են պետք։ Պատկերացնենք, որ մեզ մոտ կլինի քամու և արևային էներգիայի բում։ Դա, իհարկե, այսօր չկա, միայն առաջին 50 ՄՎտ հզորությամբ կայան կառուցելու նախագիծ կա, բայց եթե դիտարկենք եվրոպական երկրները, որտեղ արևայինն ու քամունն իրար հետ անցել են գեներացիայի 7%-ը, իսկ Գերմանիայում մոտենում է 20%-ի, մենք 8-10 անգամ հետ ենք մնում Եվրոպայից։ Բայց քամին ու արևը մեզ չեն փրկի, որքան էլ դա լինի։ Մեզ կայունացնող հզորություն է պետք, ստաբիլ աշխատող, որպեսզի ամբողջ համակարգը գործի։ Այդ առումով առաջին փուլով մեզ 600 ՄգՎտ-անոց նոր ռեակտոր է պետք։

Գուցե նպատակն այն է, որ Հայաստանը դադարի լինել միջուկային էներգիա ունեցող երկի՞ր, ինչի կապակցությամբ Թուրքիան ու Ադրբեջանն էին դժգոհում։

– Նրանց բողոքն ի՞նչ կապ ունի, Հայաստանում 1970-ից ի վեր միջուկային թափոններ կան, չեն տարել։ Եթե մեր այս ելույթների արդյունքում այդ թափոնները տանեն, Հայաստանի համար մեծ խնդիր լուծած կլինենք։ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը տրամաբանորեն չեն բողոքում այստեղ, քանի որ ատոմակայաններ կան Ուկրաինայի հարավում (Յուժնի), Ռուսաստանում, նույն Թուրքիան է կառուցում, Իրանն ավարտեց ԱԷԿ-ի կառուցումը։

Ընտանեկան բռնության մասին նոր օրենքի նախագծի շուրջ աղմուկ է բարձրացել, և հակառակորդները շեշտում են, որ այն ԵՄ-ի կողմից պարտադրված է։ Մեզ ընդհանրապես պե՞տք է այդ օրենքը։

– Ընդհանուր առմամբ՝ ես դրան կողմ եմ, որ ընտանեկան բռնությունը պետք է կարգավորվի նաև Հայաստանում, երբ կնոջ իրավունքները ոտնահարվում են, նա պետք է հնարավորություն ունենա դիմել պետությանը և պաշտպանված լինել։ Ես չգիտեմ, թե այդ օրենքն ինչ տեսքով կընդունվի, քննարկումները շարունակվում են։ Բայց նման օրենքը, իհարկե, կարևոր է։ Սակայն կա ավելի կարևոր օրենք։ Որպես կանոն՝ ԵՄ-ն պահանջում է մի բան, որն ամենակարևորը չէ։ Մենք պետք է փոխենք Ընտանեկան օրենսգիրքը։ Մենք դեռևս ունենք սոցիալիստական, հիմնականում՝ Խորհրդային Միության օրենսգիրքը կրկնող օրենսգիրք, բայց անցել ենք շուկայական հարաբերությունների, որոշակի շերտեր փող են կուտակում, ունեցվածք, գույք և այլն, և դրա տնօրինման հարց է առաջանում։ Քանի որ պահպանված են «ընտանիք» և «ընտանեկան սեփականություն» հասկացությունները, ամեն անգամ այս խնդիրը մակերեսին բերում է բախման։ Որպես կանոն՝ կինը տուժող է այս պարագաներում։

Մեզ պետք է ընդունել ընտանեկան օրենսգիրք, որով ի սկզբանե ունեցվածքի հաշվառում է տարվում՝ ընտանիքի առանձին անդամների հաշվով։ Մեր վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում հողը, որը սեփականաշնորհվել է 1991թ.՝ որպես ժառանգություն՝ հայրը փոխանցում է տղային՝ համարելով, որ հենց նա է մշակում այն։

ՀՀ հասարակությունը պետք է պատասխանի՝ շարունակե՞լ թողնել նույնը, երբ ձևականորեն հավասար են որդիներն ու դուստրերը, բայց հողը փոխանցվում է տղային, աչքերը փակե՞լ դրա վրա, թե՞ փոխել այս վերաբերմունքը, օրենքով հավասար իրավունք տալ, բայց նաև պահանջել աշխատանքում պարտադիր մասնակցություն։ Ընտանիքի ներսում մենք նման հաշվառում չենք տանում, մեր ամուսնությունները չեն հիմնվում պարտականությունների նման բաշխման վրա։ Այնպես որ, բռնությունների մասին օրենքը հասկանալի է ինձ, բայց ավելի հասկանալի կլիներ, որ վերջապես մշակեինք և ընդունեինք ընտանեկան նոր օրենսգիրք, որտեղ ընտանիքի առանձին անդամների տնտեսական պարտականություններն ու իրավունքները հստակ կֆիքսվեին։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Երևանում հայտարարել է, որ իր հայ գործընկերոջ հետ քննարկել է, թե ինչպես կարելի է Եվրոպական միությանն անդամակցության իրական հեռանկարներ ստեղծել Հայաստանի համար։ Տեսնո՞ւմ եք նման հնարավորություն, որ Հայաստանը երբևէ դառնա ԵՄ անդամ։

– Ոչ, չեմ տեսնում շատ պարզ պատճառով՝ այսօր Եվրամիությունը պատրաստ չէ գոնե 1 երկրով այլևս ընդլայնվել։ Եվրամիությունն ինքը միայն 2017-ին մի փոքր կարգի բերեց իր տնտեսությունը։ ԵՄ-ի մեխանիզմներն աշխատունակ չեն, ԵՄ-ի գոյությունը, ինչպես ցանկացած այլ տնտեսական միության գոյությունը, հակագլոբալիզացիոն է։ Այսօր Արևմուտքը պետք է որոշի՝ ինքը կողմնակի՞ց է իր իսկ ստեղծած գլոբալիզացիային։ Գնում են գլոբալիզացիայի, ստեղծում են Առևտրի համաշխարհային կազմակերպություն, այնուհետև ստեղծվում են տնտեսական միություններ՝ իրենց ուրույն ռեժիմով (ԵՄ, NAFTA, Mercosur, ԵԱՏՄ)։ Եվ նրանք շատ հաճախ անտեղի կամ նույնիսկ ցինիկաբար հայտարարում են գլոբալիզացիայի զարգացման մասին։

Տեսանյութեր

Լրահոս