Պաշտոնական. «Էվերթոնը» հեռացրեց Ռոնալդ Կումանին
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռացվեց իր պաշտոնից: «Էվերթոնի» պաշտոնական կայքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հաղորդել է, որ առաջին թիմի մարզիչ Ռոնալդ Կումանը լքում է ակումբը: Համբերության բաժակը լցվել է «Արսենալից» 2:5 հաշվով կրած տնային ջախջախիչ պարտությունից հետո:
««Էվերթոն» ՖԱ-ն հաստատում է, որ Ռոնալդ Կումանը լքեց ակումբը: Ակումբի ղեկավարությունն ուզում է իր երախտագիտությունը հայտնել Ռոնալդին՝ նրա վերջին 16 ամիսներին կատարած աշխատանքի և վերջին առաջնությունում թիմը 7-րդ հորիզոնական հասցնելու համար»:
Լիվերպուլյան ակումբում աշխատելու 16 ամիսների ընթացքում հոլանդացի մասնագետը բոլոր մրցաշարերում անցկացրել է 58 հանդիպում, տարել է 24 հաղթանակ, 14 անգամ խաղացել է ոչ-ոքի և 20 անգամ պարտվել:
Տվյալ պահին «Էվերթոնը» գրավում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը՝ անցկացրած 9 խաղերից հետո ակտիվում ունենալով 8 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը