«Ես չեմ մեղադրելու ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին․ տղա ես՝ հասիր դրան». Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ ղեկավար Լարիսա Ալավերդյանն այն կարծիքին է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում առկա անհամաձայնությունները պետք է վերացվեն մինչ փաստաթղթի ստորագրումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ Հայաստանի հասարակությունն ու իշխանություններն իրենք պետք է որոշեն, թե ինչ ուղղություն են ընտրում, այլ ոչ թե նրանց փոխարեն որոշում կայացնեն մյուս երկրները.
«Իհարկե, Ռուսաստանը պետք է ինչ-որ բաներ անի, որը, թեկուզ կարճատև նպատակների համար, իր շահերն է հետապնդում։ Իհարկե, Արևմուտքի աչքը գիշեր-ցերեկ ջուր չի կտրում մեզ համար, թե՝ ոնց անենք, որ Հայաստանը լավանա։ Այս բոլոր խնդիրները մերն են, և հայ հասարակությունն ունենալով այդ ազդակները՝ պետք է հստակեցնի իր դիրքորոշումը։ Վերջապես, անպայման չէ, որ մեզ վրա հարձակվեն՝ նոր մոբիլիզացվենք»։
Նա ընդգծեց՝ դժվար թե Հայաստանը կարողանա պայքարել Ռուսաստանի դեմ, հետևաբար, ըստ նրա՝ պատասխանատվությունն ամբողջովին մեր իշխանությունների և հասարակության վրա է, որը չի կարողանում պատշաճ ձևով ազդել իր իշխանությունների վրա։
«Ամեն ինչի մեջ կան վտանգներ ու ռիսկեր, ամեն մի երկիր, իր մշակույթի, պատմության և հասարակության ուժի համապատասխան՝ ինքն է ընտրում իր ճանապարհը։ ՀՀ-ԵՄ համաձայնագրից հրաժարվելուն դեմ եմ։ Հայաստանը ոչ միայն կարող է, այլև պետք է այդպիսի համաձայնագրերով վարի կոմպլեմենտար քաղաքականություն։ Ես չեմ մեղադրելու ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին, ես ունեմ երկիր, այդ երկրում կա իշխանություն, կա հասարակություն․ տղա ես՝ հասիր դրան»։