
Քրեակատարողական վարչությունից «հավաստիացնում են»` Դոն Պիպոյի սպանության փորձի նախապատրաստման մեջ մեղադրվողին վտանգ չի սպառնում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) սպանության փորձի նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու հարցով 2017 թ. հոկտեմբերի 6-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախարարին ուղղված գրությամբ հայտնել էր, որ ինչպես Ա. Քոչինյանի ծնողները, այնպես էլ լրատվամիջոցները ահազանգում են նրա կյանքին սպառնացող վտանգի մասին: Հիշեցնենք՝ կալանավորին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համեմատաբար անվտանգ համարվող մենախցից տեղափոխել են ընդհանուր խուց, որտեղ նրա կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Մինչ ՀՀ Արդարադատության նախարարությունից կարձագանքեին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանը, Ա. Քոչինյանի ծնողները հերթական անգամ նույն խնդրի մասին ահազանգեցին Կազմակերպություն:
Չնայած դրան՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռ. Հովհաննիսյանը 2017 թ. հոկտեմբերի 13-ին թվագրված գրությամբ պնդել է, թե այդ ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Ա. Քոչինյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով ապահովված է»: Հետաքրքիր է, որ որպես դրա հիմնավորում՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալը վկայակոչել է կալանավոր Ա. Քոչինյանի՝ 2017 թ. հոկտեմբերի 11-ին տված բացատրությունները:
Նկատենք, որ Ա. Քոչինյանի ծնողները մինչ օրս ահազանգում են որդուն սպառնացող վտանգի մասին, իսկ հոկտեմբերի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Այսինքն՝ մի կողմից Ա. Քոչինյանը բացատրություն է տալիս ՔԿՎ-ին, թե իբր իր նկատմամբ սպառնալիքներ չկան, մյուս կողմից հարազատներին ահազանգում է իր նկատմամբ սպառնացող վտանգների մասին: Ակնհայտ է, որ փակ հաստատությունում գտնվող անձը օբյեկտիվ բացատրություններ տալու հնարավությունից գործնականում զրկված է:
Գտնվելով քրեակատարողական հիմնարկում չգրված կանոններ կիրառողների՝ «զոն նայողների» և քրեական հեղինակությունների հնարավոր ազդեցության տակ, մյուս կողմից ՔԿՀ-ի ղեկավարության ճնշումների տակ՝ ինչպես կարող էր դժգոհել մի համակարգից, որը ձևավորվել է նույն՝ ՔԿՀ ղեկավարության իմացությամբ ու նրա թողտվության պայմաններում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել Ա. Քոչինյանի իրավունքների պաշտպանության և ՔԿՀ-ում նրա անվտանգության ապահովման վիճակը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ