Բաժիններ՝

«Տարկետումը չի վերացվում». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է «Պատիվ ունեմ» ծրագրով ակադեմիական կրթության համար տարկետումը վերացնելու մասին քննադատություններին:

Պատասխանելով հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հարցին, Վիգեն Սարգսյանը նշեց, որ կրթության համար տարկետում տրամադրելու համար կա երկու մոտեցում. կամ պետությունը որոշում է, որ ցանկացած քաղաքացի, ով ուզում է ստանալ բարձրագույն կրթություն, պետք է ունենա տարկետում մինչև ուսման ավարտը, կամ որևէ մեկը տարկետում չի ստանում, որովհետև դրա արանքում ընկած ամեն ինչը սուբյեկտիվիզմի և մասնակի լուծումների մեթոդ է:

«Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչի համար, օրինակ, որևէ պետական բուհ ընդունվողը կարող է ունենալ տարկետում, իսկ ամբողջ Ամերիկյան համալսարանը` այդպիսի տարկետումների սահմանափակ քանակ, եթե չեմ սխալվում, ընդամենը 10 տեղ: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչի համար նույն մասնագիտությամբ նույն ֆակուլտետում սովորող մի քանի քաղաքացի պետք է ունենան հնարավորություն ավարտել ուսումը և միայն հետո կատարել պարտքը հայրենիքի նկատմամբ կամ չկատարել, իսկ մեկ ուրիշը պետք է 18 տարին լրանալու պահին զորակոչվի, որովհետև ընդունելության քննության ժամանակ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կես միավոր պակաս է հավաքել: Այսինքն` խնդիրը շատ ավելի լայն է:

Եթե մենք լուծում ենք տարեկան 8 հարյուր մարդու հարց, որպեսզի իրենք կարողանան հաջողությամբ սովորել և ավարտել, դա մի մոտեցում է, եթե մենք գիտության և կրթության հարց ենք լուծում, այդ դեպքում բոլորը պիտի հավասար տարկետում ստանան: Եվ, վերջապես, եթե մենք լուծում ենք մեր երկրի պաշտպանության խնդիրը, մենք նայում ենք նման խնդիրներ ունեցող երկրների փորձը և իրենց տված լուծումները»,- պարզաբանեց Վիգեն Սարգսյանը:

Կարդացեք նաև

Նա հավելեց, որ իրենք այդ ծրագրով տարկետումը չեն վերացնում, այլ կրթություն ստանալ ցանկացող, դրա անընդհատությունը կարևորող քաղաքացիներին, ովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակ, առաջարկում են զորակոչվել որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ուսման ծախսերի փոխհատուցում բակալավրիատուրայում, իսկ հետո` նաև մագիստրատուրայում:

«Աշխարհում կրթության անընդհատություն` բակալավրիատուրայից մագիստրատուրա և մագիստրատուրայից ասպիրանտուրա, ոչ մի տեղ չկա: Եթե լիներ, իմաստ չուներ 5-ամյա կրթությունը դարձնել 4+2: Դրա ամբողջ իմաստը այդ արանքի գումարածի ժամկետն է, որի ժամանակ մարդ պետք է աշխատի, փորձ կուտակի, ծառայի, ընկերներ ձեռք բերի, կամավոր աշխատի, հետո գա շարունակի մագիստրատուրայում իր նախընտրած մասնագիտությամբ: Մարդիկ կան ասում են` եթե մինչև 30 տարեկան մարդը թեկնածուական չի պաշտպանել, էլ ի՞նչ թեկնածու, բայց չեն ասում, թե այդ պաշտպանածներից քանի՞սն են հետո գոնե մեկ գիտական հոդված գրել կամ գիտության համար որևէ օգտակար բան արել»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ իրենց համար «Պատիվ ունեմ» ծրագրի իրականացումը որոշակի բեռ է, քանի որ պետք է հսկայական ջանքեր գործադրեն ծրագրի ընձեռած հնարավորություններից օգտվել ցանկացող երիտասարդներին պատրաստելու ուղղությամբ: «Ուսմանը զուգահեռ նրանք պետք է գան և սպայական պատրաստություն անցնեն, մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք նրանց ներգրավելու մեր սպայական անձնակազմի մեջ:Բայց ես վստահ եմ, որ դրա արդյունքը լինելու է դրական, վստահ եմ, որ դա ամրապնդելու է բանակ-հասարակություն կապը և ամրապնդելու է մեր բանակի նկատմամբ վստահության մեխանիզմները»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս