FAST-ը կրթաթոշակ կտրամադրի բնական գիտությամբ զբաղվող հայ ասպիրանտներին և հայցորդներին
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկում է կրթաթոշակային ծրագիր` աջակցելու ասպիրանտներին և հայցորդներին բնական գիտությունների կամ ճարտարագիտության ոլորտներում գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու նպատակով ՀՀ առաջատար բուհերում հետազոտական աշխատանք կատարելու համար: Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը նշեց, որ կրթաթոշակի ծրագիրը ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ոլորտներում սովորողների լավագույն 10%-ի համար է լինելու: «Մենք այս քայլով ցանկանում ենք, որ երիտասարդները կենտրոնանան գիտական հետազոտությունների վրա և ստիպված չլինեն աշխատանք փնտրել»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում գիտության մակարդակը պետք է հասցնել համաշխարհայինի:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով` Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ համագործակցությունը նպաստավոր պայմաններ կստեղծի երիտասարդների համար: «Մենք առաջիկայում երիտասարդների մոտ լուրջ գիտությամբ զբաղվելու մոտիվացիա կձևավորենք, որովհետև ՀՀ-ն այլընտրանք չունի»,- ասաց նա:
Նախարարը համոզմունք հայտնեց, որ բարձրագույն կրթական համակարգը պետք է արմատապես փոխել և ձևավորել գիտական համակարգի ցանցը: «Լավ որակ ունենալու համար երկիրը պետք է ապահովի միջին եվրոպական կարգի բարձրագույն կրթություն»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կենսաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հոկտեմբերի 19-ին: 2018-2019 թվականների ուսումնական տարվա համար հիմնադրամը հայտարարելու է հինգ ամբողջական կրթաթոշակ` յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով, և 25 մասնակի կրթաթոշակ` 3500 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև կին ասպիրանտների և հայցորդների համար` 10 ամբողջական կրթաթոշակ` յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով: