«Այնտեղ, որտեղ մեր քաղաքացու ապագան է, կառավարությունը, վարչապետը բիզնես ծրագիր են անում». Անահիտ Բախշյան
«Ծնողներ, եթե դուք ձեր երեխաների ապագայով մտահոգ եք, ապա այսօր յուրաքանչյուր դպրոցի դռանը պետք է լինի պահանջ՝ ֆինանսավորեք մեր երեխաների կրթությունն օրենքի համաձայն»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:
Նրա գնահատմամբ՝ կրթության ոլորտում ավելի քան տխուր վիճակ է. «5 կամ 10 տարի հետո, եթե մենք այս կառավարությանը նույնիսկ քշենք, դրանից կրթությունը չի շահելու: Բոլորս մեղավոր ենք այս վիճակի համար, քանի հանդուրժում ենք կրթության ֆինանսավորման այսպիսի անկումային քաղաքականությունը: 1999 թվականին ընդունված «Կրթության մասին» օրենքում ասվում է՝ պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ երբ նայում ենք այդ ցուցանիշները, ապա տոկոսներն իջնում են տարեցտարի: Ստացվում է, որ 2016 թվականին ամբողջ բյուջեում կրթությանը հատկացված տեսակարար կշիռը 8.5 տոկոս է, այնինչ 2007 թվականին եղել է 16.5 տոկոս: Հարց եմ տալիս կառավարությանը, իշխանությանը՝ ո՞վ է ձեզ թույլ տվել խախտել «Կրթության մասին» օրենքը»:
Լրագրողի դիտարկմանը, թե՝ Կառավարությունը բոլոր ոլորտների համար ասում է՝ գումարներ չկա, խնայում ենք, Ա. Բախշյանն այսպես արձագանքեց. «Դե, նայեք Ոստիկանությանը տրված գումարները, տեսեք՝ նվազե՞լ են: Այսինքն՝ այնտեղ, որտեղ մեր քաղաքացու ապագան է, կառավարությունը, վարչապետը բիզնես ծրագիր են անում: Արդյունքում՝ ուզում են ունենալ անգրագետ հասարակություն, որը քաղաքացիական հասարակության չափորոշիչները չունենա, գրագիտություն չունենա, օրենք չիմանա, ու իրենք ոնց ուզեն՝ այդ հասարակությանը պտտեցնեն: Այսպիսի կառավարությունը չարիք է մեր ապագա երկրի հասարակության համար պատրաստում: Ես մեր ծնողներին կոչ եմ անում՝ ծնողներ, եթե դուք ձեր երեխաների ապագայով մտահոգ եք, ապա այսօր յուրաքանչյուր դպրոցի դռանը պետք է լինի պահանջ՝ ֆինանսավորեք մեր երեխաների կրթությունն օրենքի համաձայն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: