«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը գրեթե նույնն է, ինչ Ասոցացման համաձայնագիրը». Վրացի դիվանագետ

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին` անդրադառնալով ՀՀ-ԵՄ ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրմանը և փաստաթղթի բովանդակությանը:

Մենագարիշվիլին ասաց, որ ծանոթանալով համաձայնագրին ընդհանուր կետերին՝ կարող է ասել, որ այն բովանդակային առումով բավականին ընդարձակ է, հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Ըստ նրա՝ այս փաստաթուղթը համարյա թե նույնն է, ինչ Ասոցացման համաձայնագիրը:

«Այն բոլոր պահանջները, որոնք ներառված են համաձայնագրում, ասոցիացնում են Հայաստանին Եվրոպական միության հետ, կամ փոփոխություններ նախատեսում գլոբալ այնպիսի ոլորտներում, այնպիսի սուբյեկտներում, որոնցում Հայաստանին ԵՄ-ից մեծ անդունդ է բաժանում: Ես ուրախ եմ նման բովանդակության համար, որ լինելով ԵՏՄ անդամ երկրի իշխանություններ, ՀՀ ղեկավարները համաձայնել են սրան և այն հնարավոր են համարում, բայց ինչպե՞ս է հնարավոր ԵՏՄ-ում գործող սովետական մոդելի պայմաններում եվրոպական գործիքներով պայքարել, օրինակ, կոռուպցիայի դեմ: Այս առնչությամբ ես խիստ կասկածներ ունեմ: ՌԴ ներկայիս նախագահին կառավարելի քաոս է անհրաժեշտ այս ԵՏՄ երկրներում իր ծրագրերն ու գաղափարներն առաջ տանելու համար: Կոռուպցիայի դեմ պայքարը չի մտնում այդ ծրագրերի տրամաբանության մեջ, դրա համար անհրաժեշտ է ճիշտ հակառակը: Հուսանք, որ ՀՀ իշխանությունների հաշվարկները ճիշտ դուրս կգան»,- ասաց վրացի դիվանագետը:

Նա որպես բացասական հանգամանք՝ նշեց այն, որ համաձայնագրում պաշտպանության, անվտանգության ոլորտի վերաբերյալ ոչ մի դրույթ ներառված չէ: Ըստ նրա՝ սա Ռուսաստանի արգելքի հետևանք է, քանի որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, և այդ ոլորտն ամբողջությամբ այդ կազմակերպության հոգածության ներքո է: «Սակայն Հայաստանի համար, որն ունի չկարգավորված հակամարտություն, լավ կլիներ ԵՄ-ի հետ այս ոլորտում կապ ունենալ: Ի դեպ, եթե Ադրբեջանը նմանատիպ փաստաթուղթ ստորագրի ԵՄ-ի հետ, ԵՄ-ն հավելյալ լծակներ կստանա այս երկու երկրների նկատմամբ, միգուցե դրանով ԵՄ-ի ներկայությունը, որպես նաև անվտանգության երաշխավոր՝ ամրապնդվի»,- ասաց Մենագարիշվիլին:

Վրացի դիվանագետը վստահ է, որ համաձայնագիրը ստորագրվելու է, քանի որ դրա համար խոչընդոտներ չկան: «ԵՄ-ն այնքան է հարմարվել Արևելյան գործըկերության երկրների հավակնություններին, որ ավելին չի կարող լինել, ուստի համաձայնագիրը կստորագրվի առաջիկա գագաթաժողովի ընթացքում, ԵՄ-ն չի ցանկանում ձգձգել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս