«Սիրիայում հնարավոր չէ հաջողության հասնել՝ առանց Թուրքիայի և Իրանի». ռուս փորձագետ

«Իրավիճակը Սիրիայում վերջին 2 տարիներին զգալիորեն բարելավվել է, երբ 2015թ. ՌԴ-ն այնտեղ սկսեց հակաահաբեկչական գործողություններ։ Սիրիայում լայնամասշտաբ պատերազմն աստիճանաբար կմարի, բայց չենք կարող բացառել ահաբեկչական-դիվերսիոն հարձակումների ալիքը։ Հետևաբար, ռուսական կողմը խաղաղարար առաքելություն կիրականացնի՝ իրավիճակի կայունության ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտական աշխատող Անդրեյ Արեշևը։

Նրա խոսքով՝ սիրիական կոնֆլիկտի կարգավորումը կարևոր է նաև ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար. «Բավական է նայել քարտեզին, որ համոզվենք՝ Սիրիայում հաջողության հասնել՝ առանց Թուրքիայի և Իրանի, հնարավոր չէ։ Մենք գիտենք, որ իրավիճակն այս առումով հարթ չէ, մինչև հիմա ռուս-թուրքական հարաբերությունները բավականին բարդ են, բայց սիրիական ճգնաժամն այն կետն է, որը մոտեցնում է երկու երկրների հետաքրքրությունները, որովհետև Թուրքիան սեփական փորձով համոզվել է, որ ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումներին աջակցությունը, ինչպես դա եղել է նախկինում, ապակառուցողական է, քայքայում է նաև կայունությունը հենց Թուրքիայի ներսում»։

Ինչ վերաբերում է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին, ապա, ըստ Արեշևի՝ այն վաղաժամ էր. «Կան վիճելի տարածքներ, այդ թվում՝ Քիրքուկը, Սինջարը և այլն, որոնք չեն մտնում Քրդստանի ինքնավար շրջանի մեջ, բայց ներկայումս վերահսկվում են քրդերի կողմից: Բաղդադի ղեկավարությունը զգուշացրել է, որ այդ տարածքները պետք է վերադարձվեն Իրաքի իշխանություններին, և մենք տեսնում ենք, որ գործընթացը հիմա ընթանում է առանց լուրջ բախումների, որոնք ճգնաժամ կառաջացնեին Մերձավոր Արևելքում, ինչը կազդեր նաև Հարավային Կովկասի վրա։ Թե իրավիճակն ինչպես կզարգանա, ցույց կտա ապագան, բայց ինձ թվում է, որ Բաղդադի և Էրբիլի միջև սկսված բանակցությունները նոր ընթացք կստանան, ու այդ իրավիճակը խաղաղ լուծում կստանա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս