Բաժիններ՝

Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ:

Համացանցում հայտնաբերվել է ապօրինի որսի հերթական դեպքը: Այս անգամ ևս խոսքը գնում է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի որսի մասին:

Հիշեցնենք, որ սպիտակագլուխ անգղը համարվում է վտանգված տեսակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Այս տեսակն ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:

Սպանված անգղի նշված լուսանկարը համացանց է բեռնվել 2014թ.-ին, իսկ նկարագրության մեջ գրված է տեղանքի անունը՝ «Բախչալար»: Բախչալարը ներկայիս Բագարան համայնքի պատմական անվանումն է, որը գտնվում է Արմավիր մարզում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի գետաբերանի մոտ:

Ինչպես EcoNews.am-ի հետ զրույցում նշեց թռչնաբան Լյուբա Բալյանը, այդ տարածաշրջանում կան անգղերի գաղութներ: «Բագարան և Երվանդաշատ համայնքներում շատ են նման դեպքեր գրանցվում»,- ասաց նա:

Տվյալ անձը ևս որսի սիրահար է և ունի բազմաթիվ լուսանկարներ այդ մասին վկայող: Ի դեպ, սպանված անգղի հետ լուսանկարը հրապարակվել է մեկ այլ (ոչ լուսանկարում պատկերված) օգտատիրոջ էջում:  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս