«Մենք այն պետությունն ենք, որին կարելի է անպատիժ խաբել». Անուշ Սեդրակյան
«Պետք չէ ուրախանալ նրանից, որ Ադրբեջանում ինչ-որ վատ բան է կատարվում։ Ադրբեջանում վատ բան է կատարվում, բայց զինվորը զոհվում է մեր սահմանին, ինչը նշանակում է, որ դա ոչնչով չի կարելի կոմպենսացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց հասարակական գործիչ Անուշ Սեդրակյանը։
Անդրադառնալով Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը, նա նշեց, որ հանդիպման կարևոր կետերից մեկը սահմանին լարվածություն թուլացումն էր, ինչը, ըստ նրա՝ իրականություն չդարձավ։
«Նշանակում է, որ այդ հանդիպումները որևէ բանի երաշխիք չեն տալիս։ Այդ հանդիպումներն արվում են զուտ նրա համար, որ երկու ղեկավարները ցույց տան իրենց պարտականությունը՝ իբր թե հանդիպելու, զրուցելու, բանակցություններ վարելու։ Որևէ օգուտ այդ հանդիպումներից չկա։ Բայց մյուս կողմից էլ՝ ես չեմ կարող ասել, որ այդ հանդիպումները պետք է չլինեն։ Դա միջազգային պրոտոկոլ է, եթե չհանդիպեն, երկուսն էլ կընկնեն փակուղի, կանտեսվեն բոլոր միջազգային կենտրոնների կողմից, որոնք կարող են կարգավորմանը նպաստել։ Բայց ակնհայտ է՝ մենք այն պետությունն ենք, որին կարելի է անպատիժ խաբել։ Ասում են՝ զինադադար է լինելու, սահմանին լարվածություն չի լինելու, հաջորդ օրը զոհ է լինում»,- ընդգծեց Սեդրակյանը։
Նա համաձայնեց, որ Ադրբեջանը խաբում է նաև միջազգային հանրությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, բայց առաջին հերթին՝ մեզ է խաբում, քանի որ զոհ մենք ենք ունենում:
Սեդրակյանը Հայաստանի խոշորագույն կորուստն է համարում այն, որ Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ անդրադարձ չի եղել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին.
«Այն, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե զրոյացված վիճակում ենք մտնում բանակցային գործընթաց, ցույց է տալիս, որ ցանկանում են անտեսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Երբ մեր ԱԳ նախարարը որևէ բան է հայտարարում, ես հասկանում եմ, որ նա արտահայտում է ՌԴ-ի դիրքորոշումը, որովհետև Հայաստանին ձեռնտու չէ Վիեննայի պայմանավորվածությունները զրոյացնելը։ Դա պետականամետ քաղաքականության անտեսումն է»։