«Հայաստանը հայաթափվում է, ինչը ձեռնտու է Ռուսաստանին». Անուշ Սեդրակյան
«ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցը մտահոգում է Ռուսաստանին։ Հիմա Հայաստանը հայաթափվում է, ինչը ձեռնտու է Ռուսաստանին. էմիգրացիան դուրս է բերում Հայաստանի առողջ ուժերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց հասարակական գործիչ Անուշ Սեդրակյանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ի հետ վիզայի պարզեցված ռեժիմը հնարավորություն կտա շատ մարդկանց՝ Եվրոպայի հետ կապերը պահպանել՝ առանց երկիրը լքելու, լինել գործնականորեն ավելի անկախ, և միևնույն ժամանակ՝ լինել Հայաստանում։
«Դա հիմք է դառնալու քաղաքական և գործարար նոր բազայի ստեղծման համար, որը չի վերահսկվելու ո՛չ ՀՀ իշխանությունների կողմից, ո՛չ էլ ռուսական կենտրոնի կողմից»,- նկատեց նա։
Հետևաբար, ըստ Սեդրակյանի՝ մենք պետք է պարտական լինենք Ուկրաինայի մարդկանց, որոնք Ռուսաստանի հիմնական ուշադրությունը շեղում են իրենց վրա՝ չթողնելով, որ ՌԴ-ն հիմնավորապես զբաղվի Հայաստանով ու Վրաստանով։
«Այդ հեռահար վտանգներն էլ հիմք են հանդիսանում, որ Մոսկվան ու ՀՀ իշխանություններն այնուամենայնիվ չլինեն այդ փաստաթղթին կողմ։ Դա ենթադրում է, որ փաստաթղթի ստորագրումը վտանգված է»,- եզրափակեց նա։