Բաժիններ՝

«Ռուսական իրավապահ մարմինները Միքայել Նալբանդյանից մինչև այսօր չեն փոխվել». Մերուժան Տեր-Գուլանյանը՝ Լևոն Հայրապետյանի մահվան մասին

«Տեղի է ունեցել խորապես ցավալի բան, մեզնից հեռացավ հրաշալի մի անձնավորություն, հրաշալի մի հայ մարդ, որը հայ ժողովրդի ազգի խնդիրները հագած անձնավորություն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Լևոն Հայրապետյանի մահվան մասին՝ ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին, 68 տարեկան հասակում Ռուսաստանի բանտերից մեկում մահացել է գործարար և բարեգործ Լևոն Հայրապետյանը։ Հիշեցնենք նաև, որ գործարարը դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար կորզելու համար։ 2016 թվականին նա տեղափոխվել էր Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:

«Ինձ մի բան է զարմացնում, որ ռուսական իրավապահ մարմինները Միքայել Նալբանդյանից մինչև այսօր չեն փոխվել: Եթե հիշում եք, Միքայել Նալբանդյանը բանտում մահացավ: Մինչև այսօր ոչինչ չի փոխվել: Սա է խնդիրը: Սրա դեմ և սրա մասին պետք է խոսել»,- նշեց Մ. Տեր-Գուլանյանը:

Լեզվաբան Նարինե Դիլբարյանի խոսքով էլ՝ Լ. Հայրապետյանը սպանվեց, մահացավ բանտախցում, այդպիսի անմարդկային պայմաններում. «Կարծում եմ՝ պատկան մարմինները և նրա հարազատները պետք է հետամուտ լինեն, որ այս գործը հենց այնպես չանցնի ու պահոցում չմնա:

Նշվեց, որ Նալբանդյանից առ այսօր ոչինչ չի փոխվել, բայց այսօր մենք Հայաստանի Հանրապետություն ենք, այն ժամանակ, երբ Միքայել Նալբանդյանը բանտախցում ենթարկվեց նման անմարդկային վերաբերմունքի, չկար ՀՀ-ն, որն այսօր կա, ու մեր իրավապահ, քաղաքական և մնացյալ մարմինները բոլորը միասին պետք է հասնենք նրան, որ այդ գործը չկարճվի մեղադրվողի մահվան պատճառով, պետք է մինչև վերջ բացահայտել, թե այդ շինծու մեղադրանքները որտեղ գրվեցին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս