
Ավստրալիան երկար տարիներ սատարել է ԵԱՀԿ ՄԽ խաղաղ ջանքերին ԼՂ հակամարտության հարցում. ավստրալացի պատգամավոր

Ավստրալիայի խորհրդարանում պատգամավոր Դեյվիդ Ֆինին խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին:
Այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ավստրալիայի գրասենյակը: Պատգամավորը, մասնավորապես, անդրադարձել է Նոր Հարավային Ուելսի սենատոր Կոնսետա Ֆիերավանտի-Վելսի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցին, որից հետո սենատորը հայտարարել էր, որ Ավստրալիան աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ դիրքորոշմանը՝ արցախյան հարցում:
Դեյվիդ Ֆինին նշել է, որ այս հայտարարությունը համահունչ չէ Ավստրալիայի դիրքորոշմանը:
«Այս հայտարարությունն անտեսում է Ավստրալիայի երկար տարիների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք հիմնված են հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա»,-ընդգծել է նա:
Պատգամավորն իր խոսքում հանգամանալից ներկայացրել է «ադրբեջանական լվացքատան» մանրամասները, Ադրբեջանի ղեկավարության ներգրավվածությունը կոռուպցիոն սկանդալին, ինչպես նաեւ հղում է կատարել «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հնչեցրած մեղադրանքներին՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների չարաշահումների հետ: