Նոր հանգամանքներ «Կոնվերս բանկ»-ից հափշտակության դեպքով. հայտնաբերվել են խոշոր չափով «Մարիխուաննա», ինքնաձիգ, ատրճանակ, 118 փամփուշտ
«Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցագործության մեկ այլ դեպք:
«Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում տաքսի ծառայության վարորդի բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է խոշոր չափով՝ 16.08 գրամ «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև՝ հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «AKM» տեսակի ինքնաձիգ, գործարանային արտադրության «Մարգոլինի» կոնստրուկցիայի 5.6մմ տրամաչափի սպորտային ակոսափող ատրճանակ, ընդհանուր թվով 118 հատ տարբեր տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է առանձին քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 38-ամյա բնակչին հոկտեմբերի 17-ին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի կերպով զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զենքի, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղում կատարված ավազակային հարձակման դեպքի հետ նրա հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։