Էրդողանը դեմ է արտահայտվել Քիրկուկը Իրաքյան Քրդստանի կազմում ներառելուն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 18-ին հայտարարել է, որ Իրաքի քրդական ինքնավարությունը պատմական ոչ մի իրավունք չունի Քիրկուկ նահանգի նկատմամբ։
«Նրանք, ովքեր գործում են՝ անտեսելով տարածաշրջանի կառուցվածքը, որտեղ բազմաթիվ ազգություններ են ապրում, պատասխանատվության կենթարկվեն պատմության կողմից: Ի՞նչ է անում նա (Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին): Նա ասում է. «Քիրկուկն իմն է»: Ինչպե՞ս ես համարձակում նման բան ասել: Մի՞թե ձեր պատմությունը կապված է Քիրկուկի հետ: Ի՞նչ ես դու անում Քիրկուկում: Մնացեք այն շրջանում, որտեղ գտնվում է Հյուսիսային Իրաքի վարչակազմը»,-հայտարարել է Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով գյուղական վարչակազմերի ղեկավարների առջեւ:
Նրա խոսքով՝ Իրաքյան Քրդստանի իշխանությունները բռնություն են կիրառել Քիրկուկի բնակիչների նկատմամբ եւ պատասխանատվություն են կրում Իրաքում տեղի ունեցած արյունահեղության համար: Էրդողանը նշել է, որ Թուրքիան, որն ավելի վաղ աջակցում էր Իրաքի քրդական ինքնավարության իշխանություններին, այսօր հարկադրված է Էրբիլի համար փակել հսկիչ անցակետերն ու օդային տարածությունը:
Թուրքիայի նախագահը մերժել է քննադատությունը Սիրիայի, Իրաքի եւ այլ երկրների գործերին միջամտելու համար: «Պատմությունը չիմացող տգետներին պատասխանս պարզ է՝ Թուրքիայի հարեւանությամբ գտնվող բոլոր երկրները նրա շահերի մասն են կազմում»,-հավելել է Էրդողանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: