Բաժիններ՝

«Կառավարության կողմից որդեգրված տնտեսական քաղաքականությունն ամբողջովին արդարացված է». Սուրեն Կարայանն ամփոփեց տարին

«Կառավարության կողմից որդեգրված տնտեսական քաղաքականությունն ամբողջովին արդարացված է, տեսլականն իրականացվելի է: ՀՀ հետագա զարգացումը տեսնում ենք արտահանելի տնտեսության ձևավորման մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով մեկամյա գործունեությունը:

Ըստ նրա` այս տարվա առաջին 8 ամիսներին արձանագրված արդյունքներով ապրանքների արտահանումն աճել է 21%, տարվա արդյունքներով ՀՆԱ-ի մեջ 37-38%-ի կհասնի: Նախարարի կարծիքով` սա հիմք է տալիս, որպեսզի առաջիկա տարիների ընթացքում ապահովվի այն ցուցանիշը, որը ՀՀ նախագահը նշեց և որը կառավարության ծրագրում է նշված` 40-45% արտահանման աճ: Ս. Կարայանի խոսքով` արդյունաբերության և ծառայությունների երկնիշ աճ է գրանցվել, մասնավորապես` արդյունաբերությունը՝ 12.4%, որ տնտեսական ակտիվության հիմնական շարժիչ ուժն է եղել, և մեծամասնությունը մշակող արդյունաբերությունն է` 12.4%, որտեղ մոտ 20% աշխատանքի արդյունավետության աճ կա, իսկ առևտուրն աճել է 12.3%-ով, ծառայությունները` 12.4%:

«Արտահանման համար թիրախավորել ենք այն շուկաները, որտեղ մենք աշխատելու ենք` ԵԱՏՄ, ԵՄ: Ցուցանիշները վկայում են, որ կատարված աշխատանքները եղել են արդյունավետ: Արտահանումը ԵԱՏՄ այս տարվա առաջին 8 ամիսներին աճել է 34.2%, ԵՄ` 36.2%: Աշխատանքներ են իրականացվում, որ ԵՄ շուկաներում հայկական ապրանքներն ավելի լայն ներկայացված լինեն»,- ասաց Ս.Կարայանը` հավելելով, որ դրա համար իրենք փորձել են ապահովել հայկական ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսներին, բանակցել են խոշոր առևտրային ցանցերի հետ, և արդեն մեր ապրանքատեսակները ներկայացված են բոլոր խոշոր ցանցերում, նաև աշխատանք է տարվել, որ թեթև արդյունաբերական արտադրանքը ներկայացված լինի ԵԱՏՄ բոլոր խոշոր ցանցերում: Նախարարը նշեց, որ այդ աշխատանքներին աջակցում է ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպությունը. «Այսօր արդեն այն պատվերները, որ մենք ստանում ենք, մեր արտադրողները չեն հասցնում իրականացնել»:

Նախարարի խոսքով` մենք ունենք բազմաթիվ փոքր կազմակերպություններ, որոնց համար դժվարություններ կան մեծ շուկաներում կամ ցանցերում ներկայացվելու համար, ԵՄ-ի հետ աշխատել են, որ առցանց առևտուրը զարգանա, օգոստոսից մեկնարկել է armzone հարթակը, որը թույլ է տալիս հայ արտադրողներին հանդես գալ ԵՄ-ում:

Ս.Կարայանը նշեց, որ աշխատանք է իրականացվում ԵԱՏՄ-ում հարգադրոշմների՝ ընդունելի լինելու ուղղությամբ, քանի որ ՀՀ-ում մեծ ներուժ կա զարգացման համար, և այս ամիսներին արտադրանքի ծավալն աճել է 40%-ով:

ԵՄ շուկաներ արտահանման համար Ս.Կարայանը կարևորեց աշխատանքները մի քանի ուղղությամբ, մասնավորապես` հավատարմագրման ազգային ինստիտուտը ճանաչվել է ասոցիացված անդամ, այժմ աշխատում են, որ այն լիիրավ անդամ դառնա, որի դեպքում նրա կողմից ճանաչված փորձագիտական լաբորատորիաների արդյունքները ճանաչելի կլինեն ԵՄ երկրներում, և հայ տնտեսվարողները կկարողանան ՀՀ-ում անցկացնել փորձաքննություն և արտահանել ԵՄ: Նախարարը նաև նշեց, որ հաջորդ տարի հունվարի 1-ից ՀՀ-ն կմիանա REX համակարգին, որը թույլ կտա արտահողներին 6000 ապրանքներ ներմուծել ԵՄ առանց հարկերի:

«Մեր գործարարների համար շատ մեծ աջակցություն կլինի ԵՄ-ի հետ համաձայնագրի առևտրի բաժինը, ըստ որի` փոխճանաչվում են սերտիֆիկատները, և ԵՄ հայկական ապրանքների մուտքն ավելի կդյուրինացվեն»,- ասաց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս