«Հանրային քննարկումները հանրային բախումների և առճակատման չվերածեք». ԱԺ-ում քննարկվում է ընտանեկան բռնության մասին օրինագիծը
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նախագիծը հասարակությունը բաժանել է ծայրահեղ հակադիր մասերի` մի մասը կտրականապես դեմ է, մյուս մասը գտնում է, որ ավելի շուտ պետք է ընդունվեր այդ օրենքը: Նա հորդորեց հանրային քննարկումները հանրային բախումների և առճակատման չվերածել, ինչը տեղի է ունեցել այս նախագծի նախորդ քննարկումների ընթացքում:
«Որևէ արտառոց, սենսացիոն կարգավորումներ այստեղ առաջարկված չեն: Համանման օրենսդրություն ունեն աշխարհի 120 պետություններ և կատաստրոֆիկ հետևանքներ այնտեղ արձանագրված չեն»,- հայտարարեց հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը` իր հերթին հորդորելով վերացական հարցադրումների փոխարեն ներկայացնել կոնկրետ հարցադրումներ:
Նա նշեց, որ շահագրգիռ գերատեսչական խումբ է աշխատել և հանրության դատին ներկայացրել նախագիծը: Նա չհամաձայնեց տեսակետների հետ, որ նման օրինագծի հանրային պահանջ չկա: Փոխնախարարի խոսքով` բռնությունների 17%-ն ուղղակի կապված է ընտանեկան բռնության հետ, շատ մտահոգիչ վիճակագրություն կա անչափահասների սեռական բռնության հետ կապված` շուրջ 40% տեղի է ունենում ընտանիքններում: Վ. Քոչարյանի կարծիքով` ընտանիքի բջիջը պետք է գտնվի պետության ուշադրության կենտրոնում.
«Հստակ համոզվածությամբ կարող եմ ասել, որ այս օրինագիծն ուղղված է հայ ընտանիքի պաշտպանությանը: Շատ մեղմ, շատ հավասարակշռված, ընտանիքը խնայող մոտեցումներ են ամրագրված»,- հավելեց Վ.Քոչարյանը: