Այս նյութի ավելորդ քանակը հանգեցնում է փքվածության, փորկապության, երիկամների խնդիրների, և՝ ոչ միայն
Budetezdorovy.ru-ն գրում է, որ սպիտակուցն օրգանիզմի համար ամենակարևոր նյութերից մեկն է։ Այն մեծ նշանակություն ունի արյան, մաշկի, մազերի, եղունգների, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի և ուղեղի, ինչպես նաև մկանային զանգվածի ձեռքբերման համար։
Սպիտակուց պարունակում է մի խումբ մթերք՝ միս, ձուկ, ձու, կաթ, պանիր, լոբազգիներ, հատիկավորներ, ոսպ և այլն։ Բայց հիշեք, որ սննդակարգը պետք է հավասարակշռված լինի։ Սպիտակուցի ավելորդ քանակը կարող է հանգեցնել հետևյալ խնդիրներին։
Տհաճ հոտ շնչառության ընթացքում։ Երբ շատ քիչ ածխաջրեր ենք օգտագործում և մեծ քանակով սպիտակուցներ, օրգանիզմը հայտնվում է կետոզի վիճակում, երբ ածխաջրերի փոխարեն՝ այրում է ճարպը՝ էներգիա ստանալու համար։ Վատ շնչառությունը քիմիական նյութերի արտադրության հետևանք է, որոնք տհաճ հոտ ունեն։
Վատ տրամադրություն։ Մարդու ուղեղը պետք է ստանա անհրաժեշտ քանակով ածխաջրեր՝ լիարժեք գործելու և սերոտոնին հորմոն արտազատելու համար։ Այս հորմոնը պատասխանատու է տրամադրության համար։ Դա է պատճառը, որ մեծ քանակով սպիտակուցներ և շատ քիչ քանակով ածխաջրեր օգտագործելու արդյունքում մարդիկ գրգռված են լինում և վատ տրամադրություն են ունենում։
Երիկամների վնասում։ Սպիտակուցի հետ միասին՝ օրգանիզմ ազոտ է մտնում, և երիկամները պարտավոր են այն ֆիլտրել արյունից։ Եթե շատ սպիտակուց ենք օգտագործում, երիկամները ստիպված են լինում ավելի շատ աշխատել՝ ազոտի ավելորդ քանակն օրգանիզմից դուրս բերելու համար։ Ժամանակի ընթացքում սա կարող է վնասել երիկամները։
Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Եթե ցանկանում եք մկանային զանգված ձեռք բերել, հավի կրծքամիսն ու պանիրը հրաշալի ընտրություն են։ Բայց մի մոռացեք այն մասին, որ առանց բարդ ածխաջրեր օգտագործելու՝ կարող եք նյութափոխանակության հետ կապված լուրջ խնդիրներ ունենալ, ինչի հետևանքը կլինեն որովայնի փքվածությունն ու փորկապությունը։
Քաշի ավելացում։ Մեծ քանակով սպիտակուցներ պարունակող սննդակարգը կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից, բայց ցանկալի արդյունքին հասնելուց հետո հարկավոր է անցնել բազմազան սննդակարգի, հակառակ դեպքում քաշը կարող է վերադառնալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը