
Faberlic-ն օգտագործում է հայկական ARLOOPA-ի ստեղծած հավելվածը՝ վաճառքներն ավելացնելու համար (տեսանյութ)

Վիրտուալ իրականության (VR -virtual reality) և լրացված իրականության (AR – augmented reality) տեխնոլոգիաները գնալով ավելի լայն տարածում են ստանում և օգտագործվում բիզնեսում՝ վաճառքի ծավալներն ավելացնելու համար։
Օծանելիքի և կոսմետիկ միջոցների արտադրությամբ զբաղվող հայտնի ընկերություններից մեկը՝ Faberlic-ը նույնպես անմասն չի մնում AR/VR տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից։
Գնումները ավելի հարմար տարբերակով իրականացնելու համար ընկերությունը իր սպառողներին առաջարկում է իր տեսականու թղթային կատալոգը ձեռք բերելու հետ մեկտեղ ներբեռնել նաև Faberlic 3D հավելվածը՝ App Store-ից կամ Play Market-ից։
Գործարկելով հավելվածը և տեսախցիկը պահելով իրեն հետաքրքրող ապրանքատեսակի վրա՝ սպառողը սեղմում է Scan կոճակը, որից հետո հեռախոսի կամ պլանշետի էկրանին հայտնվում է այդ ապրանքի եռաչափ պատկերը։ Այն կարելի է պտտել, զննել տարբեր կողմերից, ծանոթանալ բնութագրիչներին և այլն։
Ավելին, եթե ապրանքը դուր է գալիս սպառողին, նույն հավելվածի միջոցով նա կարող է օնլայն տարբերակով գնել այն։
Faberlic 3D-ն ստեղծվել է հայկական ARLOOPA ընկերության կողմից, որը մասնագիտացած է հենց AR/VR տեխնոլոգիաների մշակման մեջ։
Նշենք, որ սա ARLOOPA-ի արտադրանքի առաջին կիրառումը չէ արտասահմանյան ընկերությունների կողմից։ Համագործակցության առաջին օրինակներից մեկը Coca Cola-ի հետ էր, իսկ ամենաթարմերից մեկը՝ բելառուսական պաղպաղակ արտադրող ընկերության, որը ARLOOPA-ի տեխնոլոգիայի միջոցով մեծացրել էր հետաքրքրությունը իր մարքեթինգային արշավի նկատմամբ և զգալիորեն ավելացրել վաճառքը։