Ինչո՞ւ են 5-րդ և 8-րդ անգամ ցանկանում վերընտրվել համայնքապետի պաշտոնում

Նոյեմբերի 5-ին Շիրակի մարզի մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են տեղի ունենալու՝ մեծամասամբ համայնքների խոշորացման հետևանքով:

Որոշ համայնքների ղեկավարներ երկարատև ղեկավարումից հետո կրկին վերընտրվելու ցանկություն ունեն՝ պատճառաբանելով իրենց համայնքներում առկա խնդիրները լուծելու ցանկությամբ:

Մինչդեռ, բնակչության մեջ այլ կարծիք է տարածված՝ բոլոր ղեկավար, պաշտոնատար անձինք չեն ցանկանում իրենց պաշտոններից հրաժարվել՝ տեղական, իշխանական կերակրատաշտից օգտվելու ցանկությամբ պայմանավորված:

Ախուրյանում համայնքի ղեկավարի թեկնածուները  6-ն են` Բասենի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանը, Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը, Ախուրյանի  մարզադպրոցի տնօրեն, անկուսակցական  Լևոն Գեղամյանը, անհատ ձեռներեց, անկուսակցական Գերասիմ Համբարյանը, Շիրակ ՋՕԸ պետ, անկուսակցական Վանիկ Մկրտչյանը և գազի գրասենյակի վարպետ, ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանը:

Կարդացեք նաև

Մարմաշեն համայնքի ղեկավարի համար պայքարելու է 4 թեկնածու. նրանք են՝  Մայիսյանի նախկին ղեկավար Հակոբ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Կարեն Արշակյանը, Մարմաշենի համայնքի ղեկավար, ՀՀԿ-կան Աշոտ Եղոյանը,  նաև Քեթի համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ անդամ Թորգոմ Սահակյանը:

Անի համայնքի ղեկավար ընտրվելու համար պայքարելու են Ձիթհանքովի նախկին ղեկավար, անկուսակցական Հովիկ Պողոսյանը, ԲՀԿ-ից՝ Հակոբ Աղաբեկյանը, անկուսակցական Հրաչյա Աճեմյանը, անկուսակցական Աղասի Առաքելյանը, Ձիթհանքովի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Ռոստամ Բալաբեկյանը, ՀՀԿ անդամ Արտակ Գևորգյանը, Մարալիկի թիվ 2 դպրոցի ուսուցիչ,  Հանրապետական կուսակցության անդամ Խաչատուր Բուլոյանը:

Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը 1996թ. ընտրվել է Ախուրյանի համայնքի ղեկավար, 1999, 2002 և 2005 թվականերին վերընտրվել է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնում: ՀՅԴ անդամ է:

Արծրունի Իգիթյանը 168.am-ի հետ զրույցում իր՝ 5-րդ  անգամ Ախուրյանի համայնքապետ ընտրվելու ցանկությունը ևս պայմանավորեց համայնքում առկա խնդիրները լուծելու ցանկությամբ: «Եթե վստահ չլինեմ՝ չեմ առաջադրվի: Լավ ծանոթ եմ համայնքների խոշորացման գործընթացին, դրա  հետ կապված բոլոր խնդիրներին, հստակ պատկերացնում եմ՝ ուր եմ գնում, ինչի եմ գնում, ի վիճակի եմ լուրջ զբաղվելու այդ աշխատանքներով»,- ասաց նա:

Անդրադառնալով Ախուրյանում  առկա խնդիրներին, Ա. Իգիթյանը նշեց, որ նախ ազգաբնակչությունը պետք է մասնակից դառնա համայնքապետարանի աշխատանքներին:

«Բոլոր տեղերում ճանապարհների վատ վիճակում գտնվելու խնդիրն է առկա: Մշակույթի տների աշխատանքի կարգավորման խնդիր կա: Որ գյուղերում որ մանկապարտեզ չկա, մանկապարտեզների ավելացումն է կարևոր: Ախուրյանում կա, մնացած գյուղերում չկա, կամ կա, լավագույն դեպքում, համայնքներից հեռու»,- նշեց Ա.Իգիթյանը:

Ախուրյանում, ըստ նրա, արտադրության զարգացման  վերաբերյալ ծրագրեր կան մշակված. «Հիմնականում ներդրումային ծրագրեր ենք իրականացնում: Երկու ծրագիր ունենք, մեկն առաջին փուլով անցել է: Կարևոր է ֆոտովոլտային կայանների տեղադրումը 250 միլիոնի սահմաններում, որպեսզի մենք կարողանանք գյուղապետարանների, համայնքապետարանների լուսավորության, էլեկտրաէներգիայի  մատակարարման հարցը լուծել: Մեքենատրակտորային պարկի ստեղծումը և հացահատիկային սերմերի կայանի ստեղծումը ևս կարևոր է»,- հավելեց Ախուրյան համայնքի ղեկավարը:

Մարմաշեն համայնքի ղեկավար Աշոտ Եղոյանը 1985-1986 թվականներին աշխատել է՝  որպես  Ախուրյանի կոմունալ և բարեկարգման գրասենյակում ինժեներ: Մարմաշեն համայնքը սկսել է  ղեկավարել   1996 թվականից՝ 22 տարի: ՀՀԿ անդամ է:

Մեզ հետ զրույցում  Աշոտ Եղոյանը կարծիք հայտնեց, որ սպասվելիք ընտրություններն առանձնապես թեժ չեն լինելու, իսկ վերընտրվելու իր ցանկությունը պայմանավորեց համայնքում առկա խնդիրները լուծելու ցանկությամբ:

«Նայում են քո անցած ուղուն, կատարած աշխատանքին: Սիրուն աչքերի կամ սիրուն երեսի համար հո չե՞ն ընտրում գյուղապետ: Դեռ հարցեր կան այդ թեմաների վերաբերյալ քննարկելու: Մարդիկ կան, կարող է ինքնաբացարկ հայտարարեն, բայց որ մրցույթ լինելու է, դա միանշանակ է: 22 տարի է, ինչ ղեկավարում եմ համայնքը: 7 անգամ համայնքի ղեկավար եմ եղել: Ճիշտ է՝ մի քիչ բարդ աշխատանք է, հատկապես այսօրվա պայմաններում, բայց եթե ժողովուրդը վստահում է, առայժմ ի վիճակի եմ ղեկավարելու համայնքը և աշխատելու»,- նշեց Մարմաշենի համայնքապետը:

Անդրադանալով Մարմաշեն համայնքի խնդիրներին, նա նշեց, որ երկրաշարժից արդեն 28 տարի է անցել, սակայն մինչ օրս իրենք մանկապարտեզ չունեն:

«Նախկինում մանկապարտեզ ունեցել ենք, որի շենքերն 90-ականների սկզբին սեփականաշնորհվել է: Հնարավորություն չի եղել բյուջեի հաշվին ինչ-որ բան կառուցել: Հիմա համագործակցում ենք «Վորդ Վիժն» կազմակերպության հետ, իրենք պատրաստակամ են մեզ աջակցելու, նման ծրագրեր կյանքի կոչելու համար: Օրինակ՝ մանկապարտեզի նախկին շենքը կա, ես հիմա ունեմ դրա փաստաթղթերը լիազորագրով, որոնք ինձ փոխանցել են դրա նախկին սեփականատերերը, որ իրենց անունից գործարք կատարեմ, ես գնեմ իրենց կողմից գնված, բայց չօգտագործված մանկապարտեզի շենքը: Ախուրյանի գործկոմում եմ աշխատել, բոլոր գյուղերում երաժշտական դպրոցներ եղել են, այսօր մեր տարածաշրջանի 16 գյուղերում ընդամենը երեք տեղամասերում է գործում երաժշտական դպրոց: Այսօր ունենք ոռոգման համակարգի խնդիր, 120 հեկտար հողեր չէր ոռոգվում»,- նշեց Ա.Եղոյանը:

Ինչ վերաբերում է համայնքների խոշորացմանը, ապա Մարմաշենի համայնքապետը նորմալ է վերաբերվում այդ գործընթացին. «Համայնքներ կան, որոնցում ավելորդ հաստիքներ կան: Հարցն այն է, որ կառավարության կողմից հատկացվող գումարները փոշիանում են, մինչդեռ այդ գումարներով տարեկան երկու-երեք գյուղի համար կարելի է նորմալ ծրագրեր իրականացնել»:

Թե ո՞րը կլինի ընտրություններից հետո Մարմաշեն համայնքի վարչական կենտրոնը, Ա. Եղոյանն ասաց. «Մարմաշենցին կցանկանա, որ Մարմաշենը լինի, Մայիսյանում բնակվողը՝ Մայիսյանը, արթիկցին, շիրակցին, կցանկանա, որ իրենց տարածքում ղեկավարը նստի, բայց թե  համայնքի ղեկավարը հո չի՞ կարող հազար կտոր լինել, մի տեղ պետք է նստի»:

Նշենք, որ Ախուրյան համայքն իր մեջ ներառում է Ախուրյան, Ազատան, Ախուրիկ, Առափի, Արևիկ, Գետք, Կամո, Մայիսյան, Կարմրաքար, Սարիար, Կառնուտ, Բասեն, Կապս, Շիրակ, Այգաբաց, Կրաշեն, Ոսկեհասկ, Հայկավան, Ջաջուռ, Բայանդուր, Հացիկ, Ջաջուռավան, Բենիամին, Հովիտ, Վահրամաբերդ, Հովունի, Ջրառատ, Երազգավորս, Ղարիբջանյան, Փոքրաշեն, Լեռնուտ, Մարմաշեն, Քեթի գյուղերը:

Խոշորացման արդյունքում Ախուրյանի վարչական կենտրոնը լինելու է Ախուրյանը՝ Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ, Կամո, Արևիկ, Այգաբաց գյուղերով:

Ընտրություններից հետո Մարմաշենի կենտրոնը լինելու է Մայիսյանը, որը համայնքը միավորող գյուղերի խաչմերուկն է հանդիսանում, ունի վարչական շենք: Մարմաշեն համայնքն իր մեջ միավորում է Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի գյուղերը։

Անիի տարածաշրջանն այժմ միավորում է Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրարբի, Սառնաղբյուր, Սարակապ և Քարաբերդ գյուղերը:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս