«Խոսրովում հրդեհն անփութության արդյունք է». Դավիթ Տոնոյան
«Ես համոզված եմ, որ դա եղել է անփութության արդյունք։ Հնարավոր է՝ եղել հրդեհաշիջման առաջին արձագանքման ոչ արհեստավարժ մոտեցում, որը բերել է այլ վայրերում կրակի ծավալման։ Դրան նպաստել է նաև երեկոյան ժամին ձորում ուժին քամին»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյան՝ հերքելով Խոսրովի արգելոցում հրդեհի բռնկման դիտավորության մասին վարկածը։
Նա հերքեց, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ որևէ տարաձայնություն ունեն այս հարցում։
Ըստ Դ.Տոնոյանի՝ ոչ արհեստավարժ լինելը կհիմնավորվի նախաքննության արդյունքում։
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը բացառել է եղանակային պայմանների գործոնը Խոսրովի արգելոցում հրդեհի բռնկման հարցում: «Միաժամանակյա 3 օջախ է եղել, սա, բնականաբար, եղանակային պայմաններով պայմանավորելն անհնար է: Սա կարող էր լինել միայն կայծակի դեպքում: Այսինքն` եղել են այլ գործոններ` մարդածին կամ տեխնածին»,- ասել է Ա.Մինասյանը: