
Մեկ շաբաթում տարածաշրջանից դուրս 6 երկրաշարժ է գրանցվել

Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 5-11-ը գրանցված երկրաշարժերից 12-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
«ՍՊԾ» գործակալությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 3-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 երկրաշարժ 6.0 և ավելի մագնիտուդով:
Հոկտեմբերի 6-ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում՝ Իշինոմակի քաղաքից (Միյագի պրեֆեկտուրա) 259 կմ դեպի hարավ-արևելք:
Հոկտեմբերի 8-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Տոնգայի Պանգաի քաղաքից 178 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Հաջորդ օրը 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բալենի, իսկ 6.6 մագնիտուդով՝ Ալեուտյան կղզիների տարածքում:
Սեյսմիկ իրադարձություններից վերջին երկուսը գրանցվել են հոկտեմբերի 10-ին Չիլիի Արիկա քաղաքից 77 կմ դեպի արևելք՝ 6.3 մագնիտուդով և Բուվե կղզու տարածքում՝ 6.7 մագնիտուդով:
Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: