Բաժիններ՝

Իրանը կպահպանի միջուկային գործարքը, եթե ՌԴ-ն, ՉԺՀ-ն և ԵՄ-ն չաջակցեն դրանից ԱՄՆ-ի դուրս գալուն

Թեհրանը պատրաստ է շարունակել իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարումը նույնիսկ այդ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում, եթե Ռուսաստանը եւ Չինաստանը չպաշտպանեն ամերիկացիների որոշումը: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Իրանի իշխանական կառույցների մի աղբյուր:

«Մենք չԷինք ցանկանա, որ ԱՄՆ-ը դուրս գա գործարքից: Բայց եթե դա տեղի ունենա, ապա Իրանը կնայի Ռուսաստանի, Չինաստանի եւ Եվրամիության արձագանքին»,- ասել է գործակալության զրուցակիցը: «Եթե ՌԴ-ն եւ Չինաստանը չպաշտպանեն ԱՄՆ-ի այդ որոշումը, ապա Թեհրանը հավատարիմ կմնա ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորություններին»,- նշել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չգիտի՝ ինչ է ձեռնարկելու Իրանի հետ կնքված միջուկային գործարքի նկատմամբ: Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հաղորդավարը Թրամփին հարցրել է, թե նա մտադիր է արդյոք պաշտոնապես հաստատել Իրանի կողմից պարտավորությունների կատարումը կամ դուրս գալ գործարքից: «Մենք կարող ենք անել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ես ստույգ չգիտեմ՝ ինչ կանեմ»,-ասել է Թրամփը:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս